22:41  ,  25 նոյեմբերի, 2022

Կարեն Բարսեղյանը հեռացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում «Գանձասարից» կրած պարտությունից հետո, որը երրորդն էր «Ալաշկերտի» համար նախորդ երկու շաբաթվա ընթացքում, հրաժարական է ներկայացրել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Քննարկումից հետո հրաժարականն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։

«Մենք ձախողեցինք գավաթային հանդիպումը, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում։ Այդպիսի արդյունքից հետո որոշեցի հրաժարական ներկայացնել։

Շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահին՝ վստահության համար։

Շնորհակալ եմ նաև մարզչական շտաբիս անդամներին, ֆուտբոլիստներին և ադմինիստրատիվ կազմին՝ համատեղ աշխատանքի համար։

Հուսով եմ, որ «Ալաշկերտը» ապագայում մեծ հաջողությունների կհասնի, քանի որ սա հարազատ ակումբ է ինձ համար»,- նշել է Բարսեղյանն իր հրաժեշտի խոսքում։

Մինչև տարեվերջ «Ալաշկերտը» կղեկավարի ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով