02:23  ,  9 նոյեմբերի, 2022

«Բարսելոնան» Լեւանդովսկու հեռացումից հետո հասավ կամային հաղթանակի (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» Պամպլոնայում հյուրընկալվեց «Օսասունային» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Օսասունայի» իսպանացի պաշտպան Դավիդ Գարսիան։ 31-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց հյուրերի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի ավարտից հետո «Բարսելոնայի» պահեստայիններից կարմիր քարտ ստացավ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն, որն անցած խաղում ավարտել էր կարիերան, սակայն հայտավորված էր այս խաղին։ Նա հեռացվեց մրցավարի հետ վիճաբանելու համար։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 48-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Պեդրիի գոլի շնորհիվ։ «Բարսելոնայի» հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, որը 78-րդ րոպեին փոխարինել էր ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին։

«Բարսելոնան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Օսասունա» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ)

Դավիդ Գարսիա, 6 - Պեդրի, 48, Ռաֆինյա, 85

Հեռացում՝ Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»), 31, երկրորդ դեղին քարտ

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով