12:06  ,  8 նոյեմբերի, 2022

Հակոբ Սերոբյան․ Այս պահին սա սահմանագիծն էր, թիմային աշխատանքի արդյունք էր

Նախորդ գիշեր թիմի հետ հայրենիք վերադարձած սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսել է Արթուր Դավթյանի հաղթանակի, Հարություն Մերդինյանի բրոնզե մեդալի եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ծրագրերի մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կեսգիշերնանց հայկական սպորտի երկրպագուները մեծ շուքով դիմավորել են Լիվերպուլից վերադարձած սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին եւ բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին: 

«Այս պահին սա սահմանագիծն էր, թիմային աշխատանքի արդյունք էր: Մեր հավաքականը մի ընտանիք է, Արթուր Դավթյանի չեմպիոնությունը մեր ընտանիքի աշխատանքի արդյունքն է: Ես մրցավարություն եմ անում այսպիսի խոշոր մրցաշարերում: Նպատակս այն է, որ օբյեկտիվություն լինի, որովհետեւ մարմնամարզությունը սուբյեկտիվ մարզաձեւ է, գնահատականներով է, բոլորս էլ տեսնում ենք, որ բարդ է արժանի գնահատական ստանալ:

Մեդալները, հաղթանակը երկար տարիների բարդ աշխատանքի արդյունք է: Ինձ համար կարեւոր է, որ մենք բոլորս մի թիմ ենք: Այս արդյունքները մենք ենք մեզնից պահանջում եւ քայլ առ քայլ գնում ենք առաջ:

Արթուր Դավթյանի չեմպիոնությանը սպասում էինք, բայց հասկանում էինք, որ դժվար է, չէինք հավատում: Դավթյանը լիարժեք պատրաստ էր եւ շատ գոհ եմ նրա ցատկերից: Խնդիր կար դրված, որ Արթուրը պետք է ցատկեր ու քայլ չաներ: Ինձ համար ուժեղ մրցակից էր 2021 թվականի աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Կառլոս Յուլոն, որն արդեն ցատկել էր եւ ստացել էր բարձր գնահատական: Արթուրը նրանից հետո պետք է այնպիսի ցատկեր կատարեր, որ միավորներով շրջանցեր, նաեւ պետք է այնպես աներ, որ ցատկերից գոնե մեկում քայլ չաներ: Սա էր հիմնական լարվածությունը, բարդ էր իսկապես:

Հետաքրքիր պահ եղավ, այնտեղ բոլորը խոսում էին Արթուրի մաքուր ցատկերի մասին եւ արձանագրում, որ Լիվերպուլի մրցահարթակում նա երեք անգամ ցատկել է, երեքում էլ առանց քայլ կատարելու՝ գլխավոր փորձում, որակավորման փուլում եւ եզրափակիչում:

Արդեն մտածում ենք Փարիզի Օլիմպիական խաղերի մասին: Պետք է նախ որակավորման փուլն անցնենք, վարկանիշ ունենանք, հետո նոր կմտածենք բուլ Օլիմպիական խաղերի մասին:

Արթուր Դավթյանը եթե վարկանիշ ձեռք բերի, այս պահին նա օլիմպիական չեմպիոնի հավակնորդներից մեկն է:

Հարություն Մերդինյանի բրոնզե մեդալն ինձ անչափ ուրախացրել է: Շատ հետաքրքիր ստացվեց նրա երկրորդ բրոնզն աշխարհի առաջնությունում: Իսկապես շատ ուրախ եմ: Մերդինյանի մոտ ասես երկրորդ, երրորդ շնչառություն է բացվել: Նա կատարյալ է անում իր վարժությունը, իր առջեւ դրված խնդիրը, մարզումները: Մի փոքր կբարդացնենք նրա վարժությունը եւ ամեն ինչ ավելի լավ կլինի:

Մեր մյուս տղաներն էլ բոլորն իրենց ամենալավ կատարումներով հանդես եկան: Շատ ուրախ ենք, գոհ են, դեռ չենք հասկանում՝ ինչ է կատարվել»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի հավաքականը Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությունում 5 մասնակցով 2 մեդալ նվաճեց: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Արթուր Դավթյանը (հենացատկ), բրոնզե մեդալակիր դարձավ Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում