10:35  ,  8 նոյեմբերի, 2022

Արթուր Դավթյան. Հաջորդը օլիմպիական ոսկին է

Հաջորդը օլիմպիական ոսկին է: Ամեն ինչ պետք է անենք, վարկանիշ ձեռք բերենք եւ պայքարենք օլիմպիական ոսկե մեդալի համար: Ուրախ եմ եւ հպարտ, որ անկախությունից հետո ինձ հաջողվեց կոտրել սառույցը եւ նվաճել աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց սպորտային մարմնամարզության աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը:

Նոյեմբերի 8-ին կեսգիշերնանց հայկական սպորտի երկրպագուները մեծ շուքով դիմավորել են Լիվերպուլից վերադարձող սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, Հայաստանի հավաքականին՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա անկախ Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել մեր մարզաձեւում: 39 տարի մենք աշխարհի առաջնությունից ոսկե մեդալ չէինք ունեցել, իսկ անկախությունից հետո Հարություն Մերդինյանին էր հաջողվել միայն բրոնզե մեդալակիր դառնալ:

Կրկնակի ուրախ եմ, որ Մերդինյանն էլ կրկնեց իր բրոնզե հաջողությունը եւ երկու մեդալով վերդարձանք Լիվերպուլից: Նաեւ նման բան չէր եղել, որ աշխարհի առաջնությունում միանգամից երկու մեդալ նվաճենք:

Մեր մարզաձեւում շատ բարդ է աշխարհի առաջնությունից մեդալ նվաճել, բացի այդ շատ դժվարություններ ունենք: Լավ պայմաններ չունենք, ինչն արդեն մեծ խնդիր է մեր մարզաձեւի, մեզ համար: Կան բազմաթիվ խանգարող հանգամանքներ, որոնց ուշադրություն չենք դարձնում եւ գնում ենք առաջ:

Մեր թիմը շատ լավ հանդես եկավ: Արթուր Ավետիսյանը եւս կարող էր բրոնզե մեդալակիր դառնալ օղակների վարժությունում, բայց նա 4-րդ տեղը զբաղեցրեց, երրորդը՝ անգլիացի մարմնամարզիկ էր. արդեն հասկանալի է, թե ինչու Արթուրը չէր կարող երրորդը լինել, առաջնությունն էլ անցկացվում էր Անգլիայում: Վահագն Դավթյանն իր վարժությունն այդքան էլ լավ չկատարեց: Օղակներում պայքարը շատ բարդ է: Հաստատուն գործիք է, պետք է լավ կատարես վարժությունդ եւ բարդություն ունենաս, որ բարձր միավորներ վաստակես եւ մեդալային պայքարում լինես:

2023-ը կարեւոր տարի է. օլիմպիական վարկանիշների համար պետք է պայքարենք: Պետք է պատրաստվենք, որպեսզի վարկանիշներ ձեռք բերենք: Հաջորդը օլիմպիական ոսկին է: Պետք է պատրաստվենք, որպեսզի ոսկե մեդալով վերադառնանք Օլիմպիական խաղերից»,- ասաց Արթուր Դավթյանը:

Անգլիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նոյեմբերի 6-ին հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի առաջին ոսկե մեդալը: Աշխարհի չեմպիոնը եզրափակիչում 8 ուժեղագույնների մեջ վաստակեց ամենաբարձր 15.050 միավորը եւ փառահեղ հաղթանակով հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում