10:11  ,  8 նոյեմբերի, 2022

Արթուր Դավթյանին եւ Հարություն Մերդինյանին զուռնա-դհոլով դիմավորեցին «Զվարթնոցում» (ֆոտո, վիդեո)

Նախորդ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում կրկին հնչեց զուռնա-դհոլ։ Հայկական սպորտի երկրպագուները մեծ շուքով դիմավորեցին անկախ Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջին աշխարհի չեմպիոնին։

Նոյեմբերի 8-ին կեսգիշերն անց Լիվերպուլ - Ֆրանկֆուրտ - Երեւան չվերթով հայրենիք վերադարձավ ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը եւ սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ։

Աշխարհի առաջնության մեդալակիրներին դիմավորելու էին եկել ծնողները, ընտանիքի անդամները, ընկերները, մարզասերներ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, ԿԳՄՍ եւ ՀԱՕԿ պաշտոնյաներ։

Արթուր Դավթյանի եւ Հարություն Մերդինյանի ամենամեծ երկրպագուները նրանց դուստրերն էին՝ 3-ամյա Ալիսան եւ 9 ամսական Սառան, որոնք քունը հաղթահարելով սպասում էին չեմպիոն հայրիկների դուրս գալուն։

Աշխարհի չեմպիոնի եւ Հայաստանի թիմի ժամանումը նախատեսված էր 03:55, սակայն մեդալակիրները կես ժամ ուշացումով ժամանեցին հայրենիք: Ապորտային մարմնամարզությունում անկախ Հայաստանում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արթուր Դավթյանին ժամանման սրահում դիմավորեցին ծափահարություններով, զուռնա-դհոլով եւ «Արթուր–Արթուր» վանկարկումներով:

Մինչ ԿԳՄՍ, ՀԱՕԿ պաշտոնյաները, ՀՄՖ նախագահը դափնիներն էին հանձնում աշխարհի չեմպիոնին, բրոնզե մեդալակրին, Արթուր Դավթյանի դուտրն՝ Ալիսան, Հայաստանի եռագույնն ուսերին վազեց չեմպիոն հայրիկի գիրկն ու մինչեւ օդանավակայանից հեռանալը չլքեց նրան, իսկ Հարություն Մերդինյանի 9-ամսական դուստրը զարմանքով եւ կիսաքուն հետեւում էր իր շուրջը տեղի ունեցող իրարանցմանը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նոյեմբերի 6-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում փայլուն ցատկերով 15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նշենք նաեւ, որ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնություններից մեդալ չուներ:

Նոյեմբերի 5-ին էլ նժույգ թափեր վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր։ Հարություն Մերդինյանն այս աշխարհի առաջնությունում նաեւ ճանաչվել է ռեկորդակիր. Նա ավագագույն մասնակիցն է եղել եւ սպորտային մարմնամարզությունում երբեւէ այդ տարիքում մեդալ նվաճած մարմնամարզիկը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից Լիվերպուլի մրցահարթակում օղակների վարժության եզրափակիչում մասնակցեցին նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եւ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը:  Ավետիսյանը 4-րդն է, Վահագն Դավթյանը՝ 6-րդը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում