Բրոնզե մեդալով շնորհավորում եմ իմ անձնական մարզիչ Սոս Սարգսյանի տարեդարձը: Մեդալս նվիրում եմ նրան:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լիվերպուլից ասաց աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր:
Հայաստանի հավաքականի ավագը նժույգ թափեր վարժության եզրափակիչում ամենավերջինը դուրս եկավ մրցահարթակ եւ 14.733 միավորով ցույց տվեց երրորդ արդյունքը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
«Շատ ուրախ եմ, որ կարողացա եւս մեկ անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալ: Շատ լուրջ մրցակիցներ ունեի: Այնքանով եմ ուրախ, որ իմ առջեւ դրված խնդիրը կարողացա կատարել:
Այս աշխարհի առաջնությունը մի փոքր, ասես, նյարդերի պայքար լիներ այն առումով, որ պետք է կարողանայիր մրցահարթակում քեզ կառավարել: Չափից շատ լարված էր պայքարը:
Բոլորս էլ հասկանում էինք՝ այնպիսի ուժեղ մրցակիցների հետ ենք պայքարում, որ յուրաքանչյուրի լավ եւ լիարժեք կատարման դեպքում կարող է մեդալ նվաճել: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա վարժությունս, իմ առջեւ դրված առաջադրանքը մինչեւ վերջ կատարել եւ դառնալ բրոնզե մեդալակիր:
Մրցելույթից առաջ զրուցում էի իմ անձնական մարզիչ Սոս Սարգսյանի հետ: Ասաց, որ մեկ անգամ եւս տրամադրվեմ, որպեսզի արդյունք անեմ դստերս՝ փոքրիկ Սառայի եւ իր համար: Նոյեմբերի 6-ին ընկեր Սոսի ծննդյան օրն է: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ նրան: Ուզում եմ, որ նա առողջ լինի եւ միշտ իմ կողքին: Այս արդյունքովս շնորհավորում եմ մարզիչիս եւ մեդալս նվիրում նրան»,- ասաց Հարություն Մերդինյանը:
Առաջին անգամ Մերդինյանը աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էր դարձել 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում:
Հայաստանի հավաքականի առաջատարն այս տարվա օգոստոսին Գերմանիայում նժույգ թափերում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է 2016 թվականի մայիսին Շվեյցարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում