Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում ավարտվեց օղակների վարժության եզրափակիչը:
Հայաստանի հավաքականից օղակների վարժության եզրափակիչ էին դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակիչը մեկնարկեց Արթուր Ավետսիյանի եւ Վահագն Դավթյանի մասնակցությամբ:
Ավետիսյանը վաստակեց 14.600 միավոր եւ չորրորդն է: Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը 14.533 միավորով 6-րդն է:
Ավետիսյանը 7-րդ տեղի արդյունքով էր դուրս եկել եզրափակիչ (14.466), Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել էր 14.566 միավոր: Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Մերդինյանը 14.733 միավորով երկրորդ անգամ դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նոյեմբերի 6-ին հենացատկի վարժության եզրափակիչում կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար: Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14.900 միավոր եւ առաջին տեղով է դուրս եկել եզրափակիչ: Արթուր Դավթյանի մասնակցությամ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում