20:11  ,  5 նոյեմբերի, 2022

Հարություն Մերդինյանը՝ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր (ֆոտո, վիդեո)

Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության նժույգ թափեր վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ամենավերջինը դուրս եկավ մրցահարթակ եւ 14.733 միավորով նվաճեց բրոնզե մեդալ:

Առաջին անգամ Մերդինյանը աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էր դարձել 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատարը օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում նժույգ թափերում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է 2016 թվականի մայիսի 29-ին Շվեյցարիայի Բերն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում:

Արդյունքների ամփոփումից եւ բրոնզե մեդալակիր դառնալուց հետո ուղիղ եթերում Հարություն Մերդինյանը ուղիղ եթերից իր անձնական մարզիչ Սոս Սարգսյանին շնորհավորեց ծննդյան առթիվ:

Որակավորման փուլում  Մերդինյանը վաստակել էր 14.700 միավոր եւ 5-րդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ:

Քիչ անց կմեկնարկի օղակների վարժության եզրափակիչը, որտեղ Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն ունի երկու մասնակից: Մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը:

Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր։ Նա նույնպես 5-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ, Արթուր Ավետիսյանը՝ 14.466 միավորով 7-րդն է։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որն առաջին տեղով է դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ, աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարի նոյեմբերի 6-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս