19:45  ,  5 նոյեմբերի, 2022

ԱԱ․ Հայ մարմնամարզիկները՝ եզրափակիչում (ուղիղ եթեր)

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում  մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները: Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։

Նժույգ թափեր վարժության եզրափակիչին մասնակցում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատարը օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում նժույգ թափերում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է 2016 թվականի մայիսի 29-ին Շվեյցարիայի Բերն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր:

Որակավորման փուլում  Մերդինյանը վաստակել էր 14.700 միավոր եւ 5-րդ տեղից դուրս եկել եզրափակիչ:

Օղակների վարժության եզրափակիչում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը երկու մասնակից ունի: Մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը:

Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր։ Նա նույնպես 5-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ, Արթուր Ավետիսյանը՝ 14.466 միավորով 7-րդն է։

Օղակների վարժության եզրափակիչը նույնպես կմեկնարկի 17:30-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը որակավորման առաջին տեղից է դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ, աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարի նոյեմբերի 6-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում