10:11  ,  5 նոյեմբերի, 2022

«Հայկական սպորտի ապագա չեմպիոնները». Դավիթ Հարությունյան (ֆոտո, վիդեո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է «Հայկական սպորտի ապագա չեմպիոնները» խորագրով շարքը, որի նոր հերոսը Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, Երեւանի  «Ուրարտու» մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի սան, 15-ամյա ֆուտբոլիստ Դավիթ Հարությունյանն է:

Պատանի ֆուտբոլիստը հանդես է գալիս ակադեմիայի «Ուրարտու 1.07» թիմում՝ մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ: Թիմի կազմում այս տարվա հունիսին դարձել է Հայաստանի մինչեւ 16 տարեկանների գավաթի հաղթող, 2021 թվականի նոյեմբերից  հրավիրվել է Հայաստանի պատանեկան հավաքական:

15-ամյա Դավիթը երազում է դառնալ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, նաեւ նպատակ ունի ուժերը փորձել եվրոպական ակադեմիաներից մեկում՝  հետագայում Հայաստանի ազգային հավաքականը համալրելու մեծ երազանքով:

Դավիթ, ինչպե՞ս, ո՞ւմ խորհրդով սկսեցիր զբաղվել ֆուտբոլով:

Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 9 տարեկանից՝ մայրիկիս եւ հայրիկիս խորհրդով: Մինչ այդ տարբեր մարզաձեւերով եմ զբաղվել՝ կարատե, շախմատ, բայց սիրեցի միայն ֆուտբոլը: Բակում շատ էի խաղում ֆուտբոլ, մայրիկս տեսավ եւ առաջարկեց ինձ հաճախել ֆուտբոլի:

Որտե՞ղ, ո՞ր ակումբում ես արել առաջին քայլերդ:

Հենց սկզբից հաճախել եմ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Առաջին օրվանից շատ սիրեցի ակումբը, թիմը, մարզիչներին, ֆուտբոլն առհասարակ: Այստեղ հասկացա, որ իմը ֆուտբոլն է: Ֆուտբոլն իմ կյանքն է: Եթե նույնիսկ վնասվածք եմ ունենում կամ առողջական խնդիր եմ ունենում, անպայման գալիս եմ մարզադաշտ, մեր թիմի մարզումներին ֆիզիկապես ներկա եմ լինում, կամ նստարանից եմ հետեւում մարզմանը, կամ վազում եմ: Առանց ֆուտբոլ չեմ կարողանում ապրել, գնդակն ինձ քաշում է:

Ֆուտբոլի նկատմամբ սերը նաեւ մարզիչների շնորհիվ է: Նրանք այնպես են արել, որ ավելի շատ նվիրվեմ ֆուտբոլին:

Ո՞ր դիրքում ես խաղում:

Նախկինում խաղում էի եզրային հարձակվող, հետո հասակովս եւ որակներովս պայմանավորված տեղափոխվեցի պաշտպան: Ինձ դուր է գալիս այդ դիրքը: Իրականում բոլոր դիրքերում կարող եմ խաղալ, բայց կենտրոնական պաշտպանի դիրքն ինձ ավելի հոգեհարազատ է: Բացի այդ նաեւ թիմի ավագն եմ, եւ դա ինձ շատ է ոգեւորում: Կարծում եմ նաեւ թիմին եմ կարողանում ոգեւորել որպես ավագ:

Ե՞րբ է եղել առաջին պաշտոնական խաղդ:

«Ուրարտուի» կազմում առաջին պաշտոնական խաղս եղել է 2018 թվականին: Հիշում եմ այդ օրը: Շատ լարվարծ էի, նույնիսկ գիշերը չէի քնել: Առաջին խաղն էր մեր տարիքայինների առաջնությունում եւ պետք է հաղթանակով սկսեինք: Հիշում եմ, որ մի պահ կոտրվեցինք թիմով, որովհետեւ մեր թիմակիցներից մեկը ձեռքի կոտրվածք ստացավ: Հաղթեցինք այդ խաղում եւ հաղթանակը նվիրեցինք նրան:

Այս տարվա հունիսի 18-ին մինչեւ 16 տարեկանների մեջ դարձանք գավաթակիր: Եզրափակիչում հաղթեցին «Միկայի» թիմին: Լարված խաղ էր, մի տարի մեծ էին մեզանից, մենք էլ արդարացրեցինք մեզ: Մինչ այդ ունեցել էինք պարտություններ եւ արդեն գիտեինք մեր սխալները: Հավաքված մտանք խաղադաշտ եւ հաղթեցինք:

Պատմիր նաեւ Հայաստանի պատանեկան հավաքական հրավիրվելու մասին: Ինչպե՞ս ստացվեց:

2021 թվականի նոյեմեբերին եմ առաջին անգամ հրավիրվել պատանեկան հավաքական: Դա եւս լարված շրջան էր ինձ համար, քանի որ առաջին անգամ էի հրավիրվել հավաքական: Նորից անքուն գիշերներ էի ունենում, քանի որ առաջին անգամ պետք է խաղայի հավաքականի կազմում: Նախ մասնակցեցի հավաքի, հետո արդեն 9 խաղ պատանեկան հավաքականի կազմում: Սկզբում բարդ էր, քանի որ ծանոթ չէի հավաքականի սխեմային, մարզումային գրաֆիկին, բայց հետագայում արդեն սովորեցի:  Ամեն ինչ պետք է անեմ, որ միշտ լինեմ հավաքականում:

Հավաքականում այժմ խաղում ենք մեր տարիքայինների Հայաստանի առաջնությունում, առաջին տեղով ենք գնում: «Ուրարտուի» կազմում խաղում ենք Հայաստանի գավաթ եւ հասել ենք կիսաեզրափակիչ: Հավատում եմ, որ հաղթելու ենք երկու դեպքում էլ:

Համաշխարհային ճանաչում ունեցող ո՞ր ակումբն ես երկրպագում եւ ո՞ր ֆուտբոլիստի խաղաոճն է քեզ ավելի հոգեհարազատ:

Մանկուց «Բարսելոնայի» երկրպագու եմ եղել եւ մինչ օրս «Բարսելոնային« եմ հետեւում: Ինձ ավելի շատ դուր է գալիս այդ թիմի խաղաոճը: Հայաստանի ակումբներից «Ուրարտուի» երկրպագու եմ, նաեւ հետեւում եմ «Փյունիկի» խաղերին: Ինձ համար ամենաուժեղ ակումբները «Ուրարտուն» է եւ «Փյունիկը»: Այս երկուսի մեջ է շատ լուրջ պայքար գնում մեծերում եւ պատանեկանում: Ամեն ինչ անում ենք, որ մենք առաջ լինենք «Փյունիկից»:

Նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մեծ երկրպագու եմ: Հետեւում եմ խաղերին մարզադաշտից, իսկ եթե համընկնում է մարզումներիս հետ, հեռուստացույցով եմ դիտում:

Ինչ վերաբերում է սիրելի ֆուտբոլիստին, իմ երազանքն է դառնալ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսի պես խաղացող: Հետեւում եմ նրա կարիերային, խաղերին եւ, եթե աշխատեմ ինձ վրա, կհասնեմ այդ արդյունքներին:

Մեր հավաքականից իմ դիրքում խաղացող եւ հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի խաղաոճն է ինձ հոգեհարազատ: Նա ինձ շատ է ոգեւորում, որով շարժվում եմ առաջ:

Մեծ նպատակներ ու երազանքներ ունեմ ֆուտբոլում: Այս պահին ցանկություն ունեմ ուժերս փորձել եվրոպական ակումբներից մեկի ակադեմիայում: Նպատակս եվրոպական ակումբներից մեկի առաջատարներից մեկը լինել: Հավատում եմ, որ կստացվի ինձ մոտ:

Պատանի ֆուտբոլիստի հետ զրույցին միացավ նաեւ «Ուրարտու» մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի մարզիչ, «Ուրարտու 1.07» թիմի մարզիչ Կարեն Սիմոնյանը.

Պարոն Սիմոնյան, ի՞նչ կասեք Դավիթ Հարությունյանի մասին, ի՞նչ որակներ եւ հեռանկարներ ունի պատանի ֆուտբոլիստը:

Դավիթ Հարությունյանը շատ կարգապահ ֆուտբոլիստ է: Մեծ պատասխանատվությամբ է մոտենում մարզումներին: Պայքարում է շատ ագրեսիվ: Լավ փոխանցումներ է անում՝ 70-80 տոկոս: Պայքարները չի զիջում, ազարտով, նվիրված խաղում է:

Պատանի ֆուտբոլիստը քնելուց, արթնանալուց պետք է միշտ երազի առաջատար ֆուտբոլիստ դառնալու մասին, իսկ դրա համար մեծ աշխատասիրություն եւ նվիրվածություն պետք է ունենա: Դավիթն ունի այդ հատկանիշները:

Այս թիմի կազմում իրենց տարիքային խմբում առաջնության երեք խաղ ենք անցկացրել եւ հաղթել: Նաեւ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների գավաթի խաղարկությունում ենք հաղթել: Այստեղ 11-մետրանոցներով ենք հաղթել, բայց, ընդհանուր, այս տարիքային խմբի տղաներից գոհ եմ: Նաեւ Դավիթի խաղից եմ գոհ: Սա այն տարիքն է, որ պատանի ֆուտբոլիստները պետք է մտածեն պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին: Եթե լավ աշխատեն նվիրվեն ֆուտբոլին, կարող են լավ արդյունքներ գրանցել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:

Կուզենայի, որ մեր պատանի, երիտասարդ ֆուտբոլիստները ավելի լավ ակումբներ, բարձր մակարդակի ֆուտբոլ խաղացող եվրոպական ակումբներ գնալու ձգտում ունենային: Գիտեմ, որ շատ բարդ է, մեծ դժվարություն է, որ մեր երեխաները գնան եվրոպական ակումբներ, ինչպիսիք են հոլանդական, գերմանական կամ շվեցարական ակադեմիաները: Ամեն դեպքում՝մարզիչներից եւ ֆուտբոլիստներից է կախված, որ հասնեն այդպիսի նպատակների:

Հետեւելով Դավիթ Հարությունյանի առաջխաղացմանը, բոլորս հավատում ենք, որ լավ աշխատանքի դեպքում մեծ ապագա կունենա:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով