11:15  ,  2 նոյեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Բավարիայի» ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» սահմանել է Չեմպիոնների լիգայի ռեկորդ՝ երկրորդ մրցաշրջանում անընդմեջ հաղթանակներով ավարտելով խմբային փուլի բոլոր հանդիպումները։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 2-ական հաղթանակ տարավ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի», Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ չեխական «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ։

Անցած մրցաշրջանում «Բավարիան» խմբային փուլում 6 հաղթանակ էր տարել պորտուգալական «Բենֆիկայի», «Բարսելոնայի» եւ Կիեւի «Դինամոյի» հետ պայքարում։

«Բավարիան» նաեւ միակ թիմն է, որը պատմության մեջ երեք մրցաշրջանում հաղթանակով է ավարտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումները։ Առաջին անգամ մյունխենյան ակումբը նման արդյունք գրանցել էր 2019-2020 թվականների մրցաշրջանում։

Նախկինում խմբային փուլի բոլոր հանդիպումները հաղթանակով են ավարտել նաեւ իտալական «Միլանը» (1992/93), ֆրանսիական ՊՍԺ-ն (1994/95), ռուսական «Սպարտակը» (1995/96), «Բարսելոնան» (2002/03), Մադրիդի «Ռեալը» (2011/12, 2014/15), Ամստերդամի «Այաքսը» (2021/22) եւ անգլիական «Լիվերպուլը» (2021/22):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում