15:11  ,  30 հոկտեմբերի, 2022

Եղիշե Մելիքյան․ Ֆեդերացիային չեն մտահոգում մեր ապագան ու արդյունքները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում «Սլովանից» կրած պարտության, «Բազելի» հետ վերջին տուրի խաղի կարևորության մասին, նաև պարզաբանել իր խոսքերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերյալ:

Պարոն Մելիքյան, «Սլովանից» կրած պարտութունից որոշակի ժամանակ է անցել. ի՞նչ հետևություններ է հասցրել կատարել մեր մարզչական շտաբը:

Ես մնում եմ նույն կարծիքին, որ մեր պարտության պատճառը պաշտպանությունում թույլ տված սխալներն են: Բայց պարտության մեղավորն ամբողջ թիմն է, թիմն է պարտվել: Հիմա պետք է կատարել ճիշտ հետևություններ ու պատրաստվել «Բազելի» հետ կարևորագույն խաղին:

Հանդիպումից հետո շատ էին քննադատությունները Դավիթ Յուրչենկոյի հասցեին: Հետխաղային ասուլիսին նշեցիք, որ բաց թողած երկրորդ գոլի դրվագում մեր դարպասապահի խաղակոշիկը պատռված է եղել: Ի վերջո, ի՞նչ էր տեղի ունեցել, ու ինչո՞ւ Յուրչենկոն չի կարողացել փոխել խաղակոշիկները:

Դավիթ Յուրչենկոն մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է, նա շատ է օգնել մեզ թե՛ եվրոպական ասպարեզում, թե՛ Հայաստանի առաջնությունում: Պետք չէ մոռանալ «Կլուժի» հետ արտագնա խաղը, որտեղ նա մեծ դերակատարում ունեցավ, մնացած հանդիպումներում` նույնպես: Դավիթն իսկական պրոֆեսիոնալ է: «Սլովանի» խաղին նա ուներ երկրորդ խաղակոշիկներն ու կանգնեցրեց խաղը` խնդրելով մրցավարին հնարավորություն տալ փոխել պատռված խաղակոշիկները, սակայն մրցավարը թույլ չտվեց և ասաց, որ պետք է ինչ-որ կերպ ամրացնի դրանք: Յուրչենկոն պատասխանեց, որ այդպես չի կարող շարունակել հանդիպումը, մրցավարն ասաց, որ եթե շարունակի խոսել, ապա երկրորդ դեղինը կստանա: Դավիթն այլ ելք չուներ: Կարծում եմ, որ դա ոչ թե մեր դարպասապահի կոպիտ սխալն էր, այլ մրցավարի, ով իրավունք չուներ նման որոշում կայացնելու: Բայց, ինչպես ասացի արդեն, դա չեմ համարում մեր պարտության պատճառը:

«Բազելի» դեմ նոյեմբերի 3-ին կայանալիք խաղում հաղթելու դեպքում, մեր թիմը դուրս կգա Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ: Ի՞նչ տրամադրություն է տղաների մոտ, արդյո՞ք ժամանակը կբավարարի հոգեբանորեն ու ֆիզիկապես այս հանդիպմանը պատրաստվելու համար:

Մենք պարտվում ենք և հաղթում, բայց երբեք հոգեբանորեն չենք ընկճվում ու հուսահատվում: Մենք բոլորս հասկանում ենք հանդիպման կարևորությունն ու պատրաստվելու ենք հնարավորինս լավ, որպեսզի հաղթանակի հասնենք: Միաժամանակ գիտակցում ենք` ուր ենք հասել ու ովքեր են մեր մրցակիցները, մեզ համար միանշանակ հեշտ չի լինելու: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մեզ հետ են ու պարտության ժամանակ էլ գիտակցում են, որ այս ռեսուրսներով մենք անում ենք առավելագույնը: Հնարավոր չէ կատարելության հասնել ու հաղթել ամեն խաղում: Շնորհակալ եմ իմ տղաներին, որոնք մինչև վերջին րոպեն պայքարում են հաջողության հասնելու համար, սակայն միշտ չէ, որ ստացվում է: Շատ կարևոր է հանդերձարանի մթնոլորտը, միասնականությունը, թիմային ոգին, որոնք մենք ստեղծել ենք համատեղ ուժերով: Այս ամենն օգնում է մեզ հասնել հաջողության: Կխնդրեմ, որ երկրպագուներն այս խաղում մեր կողքին լինեն և որքան շատ երկրպագու գա մարզադաշտ, այնքան մեծ կլինեն մեր շանսերը: Իմ ցանկությունն է, որ այդ օրը հայկական ֆուտբոլի համար դարձնենք պատմական:

Պարոն Մելիքյան, «Սլովանի» հետ խաղից հետո հարցում ստացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից` նախախաղային ասուլիսին արված Ձեր հայտարարության վերաբերյալ: Կպարզաբանե՞ք Ձեր խոսքերը:

Ես հարց ունեմ ֆեդերացիային` որտե՞ղ էիք անցած ամիսների ընթացքում, ինչո՞ւ «Փյունիկի» հետ չէիք, ոչ մի խաղին ներկա չեք գտնվել ու չեք աջակցել մեզ: Ես ցանկանում եմ լսել այս հարցի պատասխանը: Իմ միտքն այն էր, որ ֆեդերացիային չեն մտահոգում մեր ապագան ու արդյունքները: Եթե նրանք սրտացավ լինեին, մեր կողքին կլինեին, իսկ մենք դա չենք զգում: Առաջինը սպասում ենք պարզաբանման նրանցից: Պետք է հիշեցնեմ, որ ֆեդերացիայի նախագահին, փոխնախագահին ընտրել ենք մենք` ֆուտբոլային մարդիկ, և դա չենք արել, որպեսզի նրանք ինչ-որ մեկին համակրեն, մյուսին` ոչ, այլ, որպեսզի մտածեն հայկական ֆուտբոլի զարգացման մասին: Մենք նրանց չենք հրավիրում մեր խաղերին, այլ պարտադրում ենք ու պահանջում, որ լինեն հայկական ամեն ակումբի կողքին, որոնք պատմություն են կերտում ու պայքարում հանուն զարգացման և առաջընթացի: Եվ խոսքը միայն «Փյունիկի» մասին չէ: Օրինակ` «Սլովանի» հետ խաղից առաջ, մեր հանդերձարանում են եղել Սլովակիայում Հայաստանի հյուպատոսն ու Ավստրիայում մեր դեսպանը: Նրանք ընդամենը երկու խոսք ասացին, բայց մենք հասկացանք, որ եկել ենք երկիր, որտեղ Հայաստանը պետական մակարդակով ունի ներկայացուցիչներ ու նրանք եկել են մեզ աջակցելու: Մեզ համար դա շատ հաճելի էր: Մեզ պետք չէ սովորեցնել` ինչպես աշխատենք: Նախ իրենք պետք է սովորեն ճիշտ աշխատել:

Այնուամենայնիվ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդառաջ է գնացել մեր հարցումներին ու հետաձգել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մեր երկու հանդիպում, որպեսզի կարողանանք լավ նախապատրաստվել եվրագավաթային խաղերին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Այսպես ասեմ` իրենք պարտավոր են, այդ կերպ մեզ լավություն չեն անում, քանի որ մեր հաղթանակը, իրենց հաղթանակն է: Իսկ մեկս մեկի համար պետք է հնարավորին չափով օգտակար լինենք: Դա հայկական ֆուտբոլի հաղթանակն է լինելու, ոչ միայն «Փյունիկինը»: Ֆեդերացիան պարտավոր է հետաձգել հանդիպումները: Մենք խնդրել ենք հետաձգել «Նոայի» հետ հանդիպումը, մերժում ենք ստացել, նույնն էլ Երևանի «Արարատի» հետ խաղը: Ծիծաղելի է, որ ֆեդերացիան աջակցում է մեզ` երկու հանդիպում հետաձգելով: Ցանկացած երկրում, ցանկացած ֆեդերացիա նման իրավիճակում այդպես է վարվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում