09:09  ,  29 հոկտեմբերի, 2022

Հակոբ Աբրահամյան․ Հայաստանի թիմը փայլուն արդյունքներ գրանցեց Սոչիում (ֆոտո)

Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ: Գնում ենք դեպի Փարիզի Պարալիմպիկ խաղեր: Փորձում ենք ամեն ինչ անել, որ մեծ կազմով մասնակցենք Պարալիմպիկ խաղերին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմը Սոչիում մասնակցել է առաջին անգամ անցկացված Պարալիմպիականների ամառային խաղերին, որտեղ 9 մասնակցով նվաճել է 6 մեդալ:

Խաղերի ընթացքում Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն նաեւ ամրապնդել է համագործակցությունը Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ։ Դրա արդյունքում՝ առաջիկայում Հայաստան կժամանի հոկեյի մարզիչ եւ 10-օրյա մարզում կանցկացնի Հայաստանի պարահոկեյի հավաքականի հետ:

Պարոն Աբրահամյան, ի՞նչ մրցաշար էր Սոչիում եւ ո՞ր մարզաձեւերից է Հայաստանը մեդալներ նվաճել:

Սոչիում անցկացվեց Պարալիմպիկների առաջին ամառային խաղերը, որի նշանաբանն էր՝  «Մենք միասին ենք: Սպորտ»: Մասնակցում էինք 9 մարզիկով եւ նվաճեցինք 6 մեդալ: Խաղերին մասնակցում էին 12 երկրների 1200 մարզիկներ և 900 սպասարկող անձնակազմ: Մեր հավաքական թիմը բաղկացած էր 9 մարզիկից եւ 4 կազմակերպիչներից: Խաղերում ընդգրկված մարզաձեւերը 9-ն էին՝ թեթև աթլետիկա, լող, սեղանի թենիս, նետաձգություն, պարաթաեքվոնդո, սայլակներով սուսերամարտ, ֆուտբոլ՝ մանկական ուղեղային կաթված ունեցողների համար, շաշկի եւ շախմատ: Հայկական թիմը մասնակիցներ ուներ 4 մարզաձեւում՝ լող, պարաթաեքվոնդո, սեղանի թենիս եւ թեթև աթլետիկա (սայլակավազք):

Մեր մարզիկները նվաճեցին 6 մեդալ: Սմբատ Կարապետյանը սայլակավազքում երկու մրցատարածությունում նվաճեց 2 արծաթե մեդալ, իսկ Արման Սարգսյանը՝ 2 բրոնզե մեդալ. նույնպես երկու մրցատարածությունում: Տիգրան Պետրոսյանը սեղանի թենիսի զուգախաղերում դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Նաիրա  Աղաբեկյանը պարաթաեքվոնդոյում բրոնզե մեդալ նվաճեց:

Ո՞ւմ կողմից էր մրցաշարը կազմակերպված, հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները նաեւ սպորտում:

Այս Խաղերը կազմակերպել էր Ռուսաստանը, չնայած նրան, որ ռուսական սպորտը պատերազմական իրավիճակով պայմանավորված պատժամիջոցների մեջ է եւ  միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից եւ անցկացնելուց զրկված է: Մեծ շուքով ամառային Խաղերն անցկացրին, որին մասնակցեց 12 երկիր: Մարտին մասնակցել էինք ձմեռային խաղերին:

Նշեցիք, որ 12 երկիր էր մասնակցում: Մրցակցության մասին ի՞նչ կասեք:

Մեծ մրցակցություն եւ մեդալային պայքար կար: Մասնակցում էին Ռուսաստանի, Բելառուսի լավագույն մարզիկները, որոնց մեծ մասը աշխարհի, Եվրոպայի եւ Պարալիմպիկ խաղերի չեմպիոններ էին:

Մեր մեդալակիրներ Սմբատ Կարապետյանը, Արման Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Նաիրա Աղաբեկյանը շատ լավ մասնակցություն ունեցան: Նաիրա Աղաբեկյանն Արմավիրից է, ունի ձեռքի անդամահատություն: Պարաթաեքվոնդոյում շատ լավ արդյունք գրանցեց: Նաիրան արդեն այսպիսի մեծ մրցաշարի մասնակցության փորձ ուներ: Կորոնավիրուսից առաջ Իտալիայում մասնակցել էր պարաթաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը: Այս փորձը նրան օգնեց այստեղ մեդալ նվաճել:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի թիմի մասնակցությունը: 6 մեդալը սպասվա՞ծ էր:

Հայաստանի թիմը փայլուն արդյունքներ գրանցեց: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք մասնակցել մրցաշարին: Արդյունքները գոհացնող են:

Սոչիում շատ լավ ընդունելության արժանացանք: Այնտեղ մեզ այցելեց Կրասնոդարի երկրամասում Հայաստանի հյուպատոս Մհեր Բադալյանը: Այցելություն ունեցանք նաեւ Սոչիի Օլիմպիական ակադեմիա: Հնարավորություն ունենք հաշմանդամություն ունեցող հայ մարզիկներին ուղարկելու այնտեղ սովորելու, եթե ցանկացողներ լինեն:

Հանդիպումներ ունեցանք նաեւ Ռուսաստանի սպորտի նախարարի եւ պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ: Մի շարք քննարկումներ ունեցանք: Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ խորացված համագործակցության պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Պատրաստ են բոլոր հարցերով մեզ օգնել: Նշեմ, որ Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեն հանդիսանում է աշխարհի ուժեղագույն կոմիտեներից մեկը: Ունեն շատ բարձր կարգի մասնագետներ եւ պատրաստ են մեզ աջակցել բոլոր հարցերում: Մասնավորապես, պայմանավորվեցինք հոկեյի ռուս մարզիչի հետ համագործակցություն: 10 օրով Հայաստան կգա ռուս մարզիչ, որը մեր թիմին կօգնի պատրաստվել դեկտեմբերին Թաիլանդում անցկացվելիք C խմբի աշխարհի առաջնությանը:

Իսկ Խաղերին պետական ֆինանսավորմամբ եք մասնակցե՞լ, թե՞  սեփական միջոցներով:

Այս մրցաշարին պետական աջակցությամբ չենք մասնակցել: Մեզ օգնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի միջոցներով:

Պարոն Աբրահամյան, որ մարզաձեւերում Հայաստանը մարզիկներ չունի, ո՞ր մարզաձեւերը զարգացած չեն հաշմանդամային սպորտում:

Տարբեր մարզաձեւեր կան, որ ներկայացուցիչներ չունենք: Այս պահին, օրինակ, չունենք նետաձգություն: Մարզաձեւերը զարգացնելու համար ֆինանսական միջոցներ են պետք, որպեսզի կարողանանք թիմ հավաքել, մարզումներ կազմակերպել եւ մրցաշարերի մասնակցել:

Ի՞նչ մրցաշարեր ունեք առաջիկայում:

Մասնակցելու ենք պաուերլիֆթինգի Դուբայի գավաթին: Սոչիի Խաղերից առաջ մասնակցեցինք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվեց Թբիլիսիում: Այնտեղից էլ վերադարձանք բրոնզե մեդալով: Մեր հայտնի մարզիկ, պարալիմպիկ Գրետա Վարդանյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրեց, նրա սանը բրոնզե մեդալակիր դարձավ:

Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղղությամբ ի՞նչ աշխատանք է տարվում, արդեն մոտավորապես պա՞րզ է, թե որ մարզաձեւերում կպայքարեք վարկանիշների համար:

Արդեն ունենք ճանապարհային քարտեզ: Մեզ օգնում է նաեւ ԿԳՄՍ նախարարությունը, աջակցում է ֆինանսական հարցերով, որպեսզի պատշաճ նախապատրաստական փուլ անցնենք, վարկանիշային մրցաշարերի մասնակցենք: Քայլ առ քայլ գնում ենք մեր նշանակետին: Օրինակ՝ Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնության մասնակցությունը պետական բյուջեով նախատեսված չէր, բայց նախարարությունն ընդառաջեց մեզ եւ ֆինանսավորեց:

Փարիզ-2024-ի համար ո՞ր մարզաձեւերի վրա շեշտը կդնեք:

Օլիմպիական վարկանիշների համար կպայքարենք ծանրամարտում, բայց զուգահեռ նաեւ փորձում ենք առաջ տանել պարաաթլետիկան եւ լողը: Լողում ունենք երկու աղջիկ եւ մեկ տղա: Ամեն ինչ կանենք, որ հաջորդ տարի վարկանիշային մրցաշարերի մասնակցեն եւ Պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք նվաճեն: Ամեն ինչ անելու ենք, որ մեծ կազմով մեկնենք Փարիզ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով