15:16  ,  26 հոկտեմբերի, 2022

Վազգեն Թեւանյան․ Իմ խնդիրը չեմպիոն դառնալն էր, ոչ թե ինչ-որ մեկին հաղթելը՝ անկախ ազգությունից

Իմ խնդիրը աշխարհի չեմպիոն դառնալն էլ, այլ ոչ ինչ-որ մեկին հաղթելը՝ անկախ ազգությունից: Այսպես լրագրողի հարցին, թե ինչ զգացողություններ թուրք մրցակիցն հաղթելիս, պատասխանեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը:

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում տեղի ունեցած աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Վազգեն Թեւանյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջայի նկատմամբ հաղթանակով (8:4):

 «Իսպանիայի մրցագորգում 5 գոտեմարտ անցկացրի եւ յուրաքանչյուրն անցավ իրեն հատուկ լարվածությամբ, դժվարությամբ: Ճիշտ է՝ սկզբի երկու գոտեմարտում հաղթեցի 10:0 առավելությամբ, բայց դրանք էլ էին բարդ: Քանի որ առաջին գոտեմարտերն էին, բարդ ստացվեցին: Դրանից հետո հանդիպեցի ավելի ուժեղ մրցակիցների: Մի փոքր բարդ ստացվեց քառորդ եզրափակիչը եւ կիսաեզրափակիչը: Ամեն ինչ լավ ստացվեց եւ կարողացա դուրս գալ եզրափակիչ:

Եզրափակիչում արդեն ավելի հանգիստ էի, որովհետեւ ուժերս վերականգնվել էր: Ուրախ եմ, որ հաղթանակով ավարտեցի: Կառանձնացնեմ կիսաեզրափակիչը, քանի որ լարված ստացվեց: Վերջին վայրկյաններին միավորներ տվեցի, բողոքարկում եղավ, դրանից մի քիչ լարվեցի: Եզրափակիչում հաղթեցի թուրք մրցակցի, բայց ինձ համար գերխնդիր էր հաղթել մրցաշարում, հաղթել գոտեմարտում՝ չկարեւորելով ում եմ հաղթում: Իմ խնդիրը չեմպիոն դառնալն էր, այլ ոչ ինչ-որ մեկին հաղթելը՝ անկախ ազգությունից»,- ասաց Վազգեն Թեւանյանը:

Բրոնզե մեդալ նվաճած Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում մեկնարկային գոտեմարտում պարտությունը պատճառաբանեց տեխնիկական սխալով:

 «Գնացել էի ոսկե մեդալի հետեւից, բայց պարտվեցի մեկնարկում: Մի քիչ նեղված  էի պարտությունից հետո, բայց կարողացա ինձ հավաքել, կենտրոնացնել եւ բրոնզե մեդալի համար պայքարել: Հաջորդ օրը ունեցա եւս երեք գոտեմարտ եւ հաջողությամբ հաղթեցի բոլորում եւ բրոնզե մեդալակիր դարձա: Մեկնարկում պարտությանս պատճառը տեխնիկական խնդիրն էր: Հոգեբանորեն պատրաստ էի հաղթելուն, բայց սխալ թույլ տվեցի»,- նշեց Արման Ավագյանը:

Ավագյանը բրոնզե մեդալի գոտեմարտում 6:4 հաշվով հաղթել էր հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին:

Հայաստանի հավաքականի կազմում Իսպանիայի մրցագորգում երկրորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արսեն Հարությունյանը (61 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում