14:44  ,  26 հոկտեմբերի, 2022

Արսեն Հարությունյան․ Հաղթանակս նվիրում եմ իմ մարզիչներին, որովհետեւ նրանց շնորհիվ եմ կարողացել հասնել այս արդյունքներին

Հաղթանակս նվիրում եմ իմ մարզիչներին, որովհետեւ նրանց շնորհիվ եմ կարողացել հասնել այս արդյունքներին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որն ամփոփել է Իսպանիայում անցկացված աշխարհի Մ23 առաջնությունում իր մրցելույթները:

 «Շատ հետաքրքիր գոտեմարտեր ունեցանք: Դժվարություններ միշտ լինում են:  Աշխարհի առաջնությունում հեշտ գոտեմարտեր չեն լինում: Կարողացա լավ ու ճիշտ գոտեմարտեր վարել:

Ամիսներ շարունակ պատրաստվել ենք մեծահասակների աշխարհի առաջնությանը եւ լավ մարզավիճակում էինք մոտեցել մեծահասակների առաջնությանը: Անմիջապես հետո մինչեւ 23 տարեկանների առաջնությունն էր, որին եւս մոտեցանք լավ մարզավիճակում: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլը մեզ օգնեց, որպեսզի հեշտ պատրաստվենք մինչեւ 23 տարեկանների մրցաշարին: Հավաքները տվեցին իրենց արդյունքները:

Ես բազմիցս ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել, որ մեր հաղթանակների հետեում մեր մարզիչներն են կանգնած: Եթե նրանք չլինեն, մենք չենք կարող ոչինչ հաղթել: Որքան էլ մարզվենք, առանց մարզիչների ոչինչ չենք կարող անել:

Որեւէ գոտեմարտ չեմ առանձնանցնի, բոլորն էլ բարդ էին, բոլորն էլ անցկացրել եմ նույն հուզմունքով: Մեկնել էի ոսկու համար, միայն չեմպիոն դառնալու համար ու կարողացա նպատակս իրականացնել:

Քանի որ երկրորդ չեմպիոնությունս էր, եզրափակիչ դուրս գալիս մի փոքր ավել լարվածություն ունեի: Մտածում էի, որ կարող եմ երկրորդը հաղթել, այդ մտքից լարվում էի: Զգացողություններ մեծ էին: Շատ էի ուզում երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակվել»,- ասաց Արսեն Հարությունյանը:

2021 թվականի աշխարհի Մ23 չեմպիոնը երափակիչում 7:5 հաշվով պարտության էր մատնել Ղրղզստանի ներկայացուցիչ Թայրբեկ Ժումաշբեկ Ուուլուին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում