19:23  ,  25 հոկտեմբերի, 2022

Մ23 ԱԱ-ի մեդալակիրներ Գեւորգ Թադեւոսյանն ու Հրաչյա Պողոսյանը՝ Իսպանիայում ունեցած մրցելույթների մասին

Հունահռոմեական ըմբշամարատի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Գեւորգ Թադեւոյսանը եւ բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանն ամփոփել են իրենց մրցելույթները:

Աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Թադեւոսյանը բավարար է գնահատում իր մասնակցությունը Մ23 աշխարհի առաջնությունում: Փոխչեմպիոնը նշեց, որ իր թույլ տված սխալի պատճառով է դարձել  արծաթե մեդալակիր:

«Շատ լավ մարզավիճակում էինք մեկնել Իսպանիա: Մարզիչների հետ միասին հավաքներ էինք անցել եւ լիարժեք պատրաստ մոտեցել մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Եզրափակիչում պարտվեցի եւ նվաճեցի արծաթե մեդալ: Ինձ համար մրցաշարը գնահատում եմ միջին՝ ոչ շատ լավ, ոչ վատ: Եզրափակիչում այն գոտեմարտը չանցկացրի, ինչպես մինչեւ եզրափակիչ գոտեմարտերս: Ինձ համար կառանցնեմ եզրափակիչը հունգարացու հետ: Մրցակիցս Եվրոպայի չեմպիոնն էր: Առաջին մրցափուլում 4:0 հաշվով հաղթում էի: Երկրորդ մրցափուլում սխալներ թույլ տվեցի, մի փոքր շտապեցի, հաշիվը հավասարվեց, ապա հունգարացի ըմբիշն առաջ անցավ:

Գոտեմարտերից առաջ մի փոքր լարվածություն է լինում, որը խանգարում է: Պետք է աշխատեմ ֆիզիկական պատրաստվածությանս վրա, արագաուժային վարժությունների վրա պետք է շեշտը դնեմ: Մրցումներից առաջ լարվածությունն ավելի շատ խանգարում է նաեւ այդ ուղղությամբ պետք է աշխատենք, որպեսզի հաղթանակները մերը լինեն»,- ասաց Գեւորգ Թադեւոսյանը:

Բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանի խոսքով էլ՝ ինքն ուներ բոլոր հնարավորությունները եզրափակիչ դուրս գալու համար, բայց մեկ ամիս առաջ տեղի ունեցած մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո չէր հասցրել լիարժեք վերականգնվել:

«Բրոնզե մեդալ նվաճեցի, բայց կարող էի ավելին անել: Արդյունքը գնահատում եմ նորմալ, բայց ունեի բոլոր հնարավորությունները եզրափակիչ դուրս գալու համար: Տեխնիկական սխալ թույլ տվեցի, ինչի պատճառով զրկվեցի եզրափակիչին մասնակցելու հնարավորությունից:

Մրցաշարից առաջ հոգնածություն կար: Մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո մեկ ամիս ժամանակ ունեինք այս առաջնությանը պատրաստվելու համար, ուշ վերականգնվեցի եւ դա էլ դարձավ պատճառներից մեկը, որ սխալներ թույլ տվեցի: Ամենաբարդ գոտեմարտս մոլդովացի ըմբիշի հետ էր: Նրա հետ Խորվաթիայում ուսումնամարզական հավաք էինք անցել եւ մի տեսակ տրամադրված չէի նրա հետ գոտեմարտին: Չէի սպասում, որ մրցակիցս նա կլինի: Նրան ճանաչում եմ, մարզումներին միասին ենք աշխատում, հեշտ է ստացվում մեր մարզումները, բայց գորգի վրա բարդ ստացվեց»,- նշեց Հրաչյա Պողոսյանը:

Իսպանիայում անցկացված առաջնությունում 87 կգ քաշայինների եզրափակիչում Գեւորգ Թադեւոսյանը 4:0 հաշվով հաղթելիս, 4:7 հաշվով պարտվել էր Հունգարիայի ներկայացուցիչ Իշտվան Տակաչին: 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը  բրոնզե մեդալի համար գոտեմարտում 3:1 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Լիուին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում