17:15  ,  25 հոկտեմբերի, 2022

Արմեն Բաբալարյան․ 2022 թվականը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի համար բացառիկ էր

Աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության արդյունքները գնահատում եմ բավարար: Նվաճեցինք երեք գույնի մեդալ, բայց ունեինք փորձառու ըմբիշներ, որոնք սպասելիքները չարդարացրին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, որը նաեւ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչն է: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը Իսպանիայում անցկացված աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում նվաճեց  3 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե:

 «Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության արդյունքները գնահատում եմ բավարար: Ունեցանք չեմպիոն, մեդալակիրներ, բոլոր գույնի մեդալներից նվաճեցինք:

Մեծահասակների աշխարհի առաջնությունում բարդ գոտեմարտեր անցկացնելուց եւ բրոնզե մեդալակիր դառնալուց հետո քննարկում էինք՝ Մալխաս Ամոյանը մասնակցի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, թե ոչ: Նա ցանկություն հայտնեց մասնակցել, քանի որ նրա վերջին տարին էր 23-ներում:

Դժվար է մեկ ամսվա մեջ երկու աշխարհի առաջնության մասնակցել ու այդ ընթացքում գտնվել լավագույն մարզավիճակում: Մալխաս Ամոյանը ոչ լիարժեք մարզավիճակում մոտեցավ այս առաջնությանը: Թվում էր, թե նրա համար պետք է թեթեւ լինի այս առաջնությունը, բայց մեկնարկային գոտեմարտից բարդ գնաց նրա համար: Սպորտային ճակատագիրը այստեղ նորից նրա հետ չէր: Մեկնարկում նորից ամենաուժեղ ըմբիշն էր մրցակից ընկել: Երբեք Ամոյանին հեշտ, թույլ մրցակից չի ընկնում, բայց նա միշտ ապացուցում է, որ ուժեղագույնն է: Այդպես էլ եղավ Իսպանիայի մրցագորգում:

Արդյունքները բավարար եմ գնահատում, որովհետետեւ ունեինք փորձառու մարզիկներ, որոնք իրենց չարդարացրին: Նրանց թվում էին միչեւ 23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (70 կգ) եւ Սահակ Հովհաննիսյանը (67 կգ): Նրանցից սպասելիքներ կային, բայց տարբեր պատճառներով մեդալային պայքարից դուրս մնացին:

Շանթ Խաչատրյանի ենթախմբում մեկնարկային գոտեմարտերն ասես՝ եզրափակիչներ լինեին: Մեկնարկում հաղթեց վրացի ըմբիշին, որը Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնն էր, երկրորդ գոտեմարտում պարտվեց իրանցի ըմբիշին: Հույս ունեինք, որ Իրանի ներկայացուցիչը դուրս կգա եզրափակիչ, բայց նա էլ պարտվեց եւ Շանթը դուրս մնաց: Սահակ Հովհաննիսյանը պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչին՝ 1:3 հաշվով: Այստեղ բողոքարկման մի դրվագ կար, Սահակի հետ համաձայնեցնելով չելենջ գցեցի: Ֆրանսիացին հնարք կատարեց, Սահակ Հովհաննիսյանը հակահնարքի գնաց, իմ կողմից չերեւաց հնարքը, բայց Սահակը պնդեց, որ հնարք կար: Բողոքարկեցինք, բայց չբավարարեցին: Հետո ես նայեցի ձայնագրությունը եւս մեկ անգամ, այնտեղ կար չորս միավոր, բայց մրցավարները չտվեցին եւ պարտվեցինք: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց ճապոնացի ըմբիշին: Կարծում եմ այս անգամ Սահակ Հովհաննիսյանը լիարժեք չպայքարեց: Հաղթելու, պայքարելու ցանկությունը, որը միշտ նա ունենում է, այս անգամ, պակասում էր:

Շանթ Խաչատչրյանը, Սահակ Հովհաննիսյանը Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում բրոնզե մեդալակիրներ էին: Այստեղ արդյունքներ չգրանցեցին: Դա ինչ-որ բանի մասին է խոսում: Պետք է շատ աշխատենք, ուրեմն կան սխալներ:

Մյուս քաշային կարգերում Հայկ Խլոյանը, Գագիկ Հակոբյանը դեռ անփորձ են, բայց ապագա ունեն: Պետք է անհատական տեխնիկական, տակտիկական  աշխատանք տարվի այս տղաների հետ:

Այս պահին երիտասարդներն ու մեծահասակները հանգստանում են: Դեկտեմբերին կանցկացնենք մեծահասակների Հայաստանի առաջնություն, որին կմասնակցեն նաեւ երիտասարդական հավաքականի լավագույն տղաները: Մինչ այդ հավաքներ եւ մարզումներ կանցկացնենք: Տարին կամփոփենք Հայաստանի առաջնությունով, որը կլինի դեկտեմբերի 20-22-ը:

2022 թվականը հունահռոմեական ըմբշամարտի համար բացառիկ տարի եղավ: Պատմության մեջ առաջին անգամ բոլոր տարիքային խմբերում ունեցանք աշխարհի չեմպիոններ: Ճիշտ է՝ յուրաքանչյուր տարիքային խմբում մեկական չեմպիոն ունեցանք՝ պատանիներ, երիտասարդներ, մինչեւ 23 տարեկաններ եւ մեծահասակներ, բայց այսպիսի դեպք չէր եղել, որ բոլոր հավաքականներում մինեւնույն տարում չեմպիոն ունենայինք: Ես բնավորությամբ մաքսիմալիստ եմ. շատ կուզենայի բոլոր տարիքային խմբերում 10 քաշային կարգերում տասը ոսկե մեդալ ունենանք, բայց այդպես չի լինում: Այս արդյունքները նույնպես համարում եմ բավարար»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում անցկացված աշխարհի Մ23 առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), արծաթե մեդալակիր՝ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), բրոնզե մեդալակիր՝ Հրաչյա Պողոսյանը (63 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում