18:03  ,  23 հոկտեմբերի, 2022

Մ20 ԵԱ. Պետրոս Պետրոսյանը՝ փոխչեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի միչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը չկարողացավ ոսկե մեդալ նվաճել: 102 կգ քաշայինների պայքարում 360 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ:

Պոկում վարժությունում առաջին եւ երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 155 կգ եւ 160 կգ: Երրորդ մոտեցման 166 կգ-ը ձախողեց եւ վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի:

Հրում վարժությունում հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը եւ գլխավերեւում ֆիքսեց 200 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի թիմի մարզիչները պատվիրեցին 213 կգ, որը նաեւ այս վարժության երիտասարդների ռեկորդ էր լինելու, բայց չկարողացավ ծանրաձողը դնել ուսերին: Երրորդ փորձով էլ 213 կգ-ը չկարողացավ հրել: Այս վարժությունում պայքարն ավարտեց երկրորդ տեղով՝ փորք արծաթե մեդալով:

Պետրոս Պետրոսյանի մոտեցումների ժամանակ Ալբանիայի մարզադահլիճում հնչում էր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը:

Ալբանիայի մրցահարթակում Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկանների հավաքականներն արդեն նվաճել են 11 մեդալ՝ 6 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ: Մ20 չեմպիոններ են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Լիանա Գյուրջյան (81կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) եւ Արա Աղայանը (96 կգ, Մ23), արծաթե մեդալակիր՝ Էմմա Պողոսյան (81 կգ), Պետրոս Պետրոսյան (102 կգ), բրոնզե մեդալակիրներ` Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) եւ Մնացական Աբրահամյանը (81 կգ) եւ Մերի Թումասյան (87 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում