20:52  ,  22 հոկտեմբերի, 2022

Մ23 ԱԱ․ Վազգեն Թեւանյանը հաղթեց թուրք մրցակցին եւ նվաճեց տիտղոսը (ֆոտո)

Վազգեն Թեւանյանը նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը: Իսպանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում 2020 թվականի աշխարհի գավաթակիրը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջայի հետ եւ լարված պայքարում հաղթեց 8:4 հաշվով:

Առաջին մրցափուլը Թեւանյանը ակտիվ սկսեց: Մեկ րոպե անց գորգի մրցավարը պասիվություն նշանակեց թուրք ըմբիշին եւ հաշիվ բացեց: Համաս Ալաջան հնարք չկարողցավ կատարել եւ հաշիվը դարձավ 1:0՝ Թեւանյանի օգտին:

Երկրորդ մրցափուլի մեկնարկում Թեւանյանը 2-միավորանոց գցում կատարեց, բայց չկարողացավ գլորել: Հնարքի ժամանակ հայտնվեց մրցակցի տակ, բայց թուրք ըմբիշը չհասցրեց բռնվածք անել: Գորգի մրցավարը թուրք ըմբիշին միավոր չտվեց: Հաշիվը դարձավ 3:0 Թեւանյանի օգտին:

Համզա Ալաջան մարզիչից չելենջ պահանջեց: Կողային մրցավարները բավարարեցին չելենջը եւ 2 միավոր ավելացրին թուրք մրցակցի օգտին: Երկրորդ մրցափուլի միջնամասում Թեւանյանը երկու անգամ 2-միավորանոց գցումներով հաշիվը դարձրեց 7:2: Երկրորդ հնարքի ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչը կարողացավ հարմար բռնվածքով 2-միավորանոց գլորում կատարել եւ աշխատանքային գոտուց դուրս հանել Թեւանյանին:

Գորգի մրցավարը թուրք ըմբիշի հնարքին 2 միավոր տվեց, բայց ըմբիշը համաձայն չէր մրցավարի որոշման հետ: Նա եւ իր մարզիչը 4 միավոր էին ցույց տալիս մրցավարներին: Մրցակիցը երկրորդ չելենջը գցեց: Կողային մրցավարներն այս անգամ չբավարարեցին բողոքարկումը եւ 1 միավոր ավելացրին Վազգեն Թեւանյանի հաշվին: Գոտեմարտն ավարտվեց 8:4 հաշվով՝ Թեւանյանի վստահ հաղթանակով:

Վազգեն Թեւանյանը 2021 թվականի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում դարձել էր արծաթե մեդալակիր:

Չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Թեւանյանը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջան կատարեց:

Թեւանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ:  1/8 եզրափակիչում էլ 10:0 հաշվով պարտության էր մատնել Անգլիայի ներկայացուցիչ Ռոս Թեյլոր Քոնելիին:

Քառորդ եզրափակիչում 4:3 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Ռիյոմա Անրակուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 7:6 հաշվով պարտության էր մատնել  Ղազախստանի ներկայացուցիչ Ադլան Ասկարովին:

Քիչ անց բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի Արման Ավագյանը (79 կգ): Մրացիկը կլինի հույն Գեորգիոս Կուգիումցիդիսը:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի մրցումային վերջին օրը չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, 2021 թվականի աշխարհի Մ23 չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները պարտություններ են կրել եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում