17:26  ,  17 հոկտեմբերի, 2022

Մ20 ԵԱ. Ռաֆիկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում: Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող առաջնությունում մինչեւ 20 տարեկանների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը երկամարտի 256 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:

Մինասյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրել է 110 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 116 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 120 կգ-ն ձախողել է: Այս վարժությունում Ռաֆիկ Մինասյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Մինասյանը հաջողությամբ կատարել է միայն առաջին մոտեցումը՝ հրելով 140 կգ: Երկամարտի 256 կգ-ով Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Իտալիան ներկայացնող Սերգիո Մասիդան (280, 125+155), արծաթե մեդալակիր՝ ադրբեջանցի Թեհրան Մամադովը (261, 120+141):

Մրցումային առաջին օրը մրցարթակ դուրս եկած Հայաստանի երկու ներկայացուցիչները մեդալ չեն նվաճել:

2022 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը ձախողել է Եվրոպայի առաջնությունում: Մինչեւ 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնը զրո է ստացել: Չոլակյանը պոկում վարժությունում գրանցել է 107 կգ արդյունք, հրում վարժությունում ձախողել բոլոր երեք մոտեցումները:

Նույն քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը եւս մեդալ չի նվաճել: Պոկել է 97 կգ, հրել՝ 120 կգ  եւ երկամարտի 217 կգ արդյունքով պայքարն ավարտել է 6-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English