20:26  ,  10 հոկտեմբերի, 2022

Մեկնարկել է շախմատի «Երևան օփեն» միջազգային մրցաշարը

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում մեկնարկել է շախմատի «Երևան օփեն» միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ:

Երևանն առաջին անգամ մրցաշարն ընդունել է 2016 թվականին, երկրորդ անգամ՝ 2017-ին, իսկ վերջինը կայացել է նախորդ տարի: Տարեցտարի մասնակիցների շրջանակն ու աշխարհագրությունը մեծանում են: Այս անգամ «Երևան օփենին» մասնակցում է 15 երկրի շուրջ 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և, իհարկե, Հայաստանից:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Դրամական պարգևներ են նախատեսված 1-ից 20-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստների համար: Մասնավորապես, Ա խմբի հաղթողը կստանա 2 մլն 600 հազար դրամ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցների, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում հաղթող ճանաչված մասնակցի և Բ խմբի մինչև 10 տարեկանների մրցապայքարում հաղթող դարձած մասնակցի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English