23:31  ,  4 հոկտեմբերի, 2022

ԵԱ․ Երանոս Օհանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակիչին եւ դարձել է արծաթե մեդալակիր

Իտալիայում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ 70 կգ քաշային Երանոս Օհանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակիչ մենամարտին: Եվրոպայի առաջնության գլխավոր բժիշկը թույլ չի տվել նրան դուրս գալ ռինգ։  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, Երանոս Օհանյանը քառորդ եզրափակիչում քթի վնասվածք էր ստացել: Կիսաեզրափակիչում նա վնասվածքով էր մենամարտել եւ հաղթել էր Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին:

Եզրափակիչում Օհանյանը պետք է մրցեր Հունգարիան ներկայացնող Կրիստիան Նիլեբորգի հետ: Հաղթանակը շնորհվել է հունգարացի բռնցքամարտիկին:

Ավելի վաղ չեմպիոններ էին դարձել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եւ 52  կգ աշային Էրիկ Առստամյանը: Քեյանը եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր անգլիացի Ջոն Թոմասին, Էրիկ Առստամյանը՝ անգլիացի Լեյթոն Բիրչոլին։

Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով՝ երկու ոսկի, մեկ արծաթ եւ երկու բրոնզ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում