Իտալիայում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ 70 կգ քաշային Երանոս Օհանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակիչ մենամարտին: Եվրոպայի առաջնության գլխավոր բժիշկը թույլ չի տվել նրան դուրս գալ ռինգ։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, Երանոս Օհանյանը քառորդ եզրափակիչում քթի վնասվածք էր ստացել: Կիսաեզրափակիչում նա վնասվածքով էր մենամարտել եւ հաղթել էր Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին:
Եզրափակիչում Օհանյանը պետք է մրցեր Հունգարիան ներկայացնող Կրիստիան Նիլեբորգի հետ: Հաղթանակը շնորհվել է հունգարացի բռնցքամարտիկին:
Ավելի վաղ չեմպիոններ էին դարձել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եւ 52 կգ աշային Էրիկ Առստամյանը: Քեյանը եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր անգլիացի Ջոն Թոմասին, Էրիկ Առստամյանը՝ անգլիացի Լեյթոն Բիրչոլին։
Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով՝ երկու ոսկի, մեկ արծաթ եւ երկու բրոնզ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը:
Ֆոտո՝ ՀԲՖ-ի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում