11:03  ,  4 հոկտեմբերի, 2022

Չավի․ «Ինտերից» վրեժխնդիր լինելու ցանկություն չունեմ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում։

Չավին վերհիշել է նաեւ 2010 թվականին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերից» կրած պարտությունը 1:3 հաշվով Միլանում։ «Բարսելոնայում» կատալոնական թիմը հաղթել էր 1:0 հաշվով։

«Վրեժխնդիր լինելու ցանկություն չունեմ։ Ես մտածել եմ այդ մասին, բայց ամեն ինչ անցյալում է։ Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով ստիպված եղանք ավտոբուսով մեկնել Իտալիա։ Հեշտ չէր։ Չափազանց տարօրինակ էր ամեն ինչ։

Առաջիկա խաղում մտադիր ենք գերիշխել, վերահսկել գնդակը եւ խաղը վարել մրցակցի կիսադաշտում։ Արդեն մի քանի ամիս մենք հենց այդպես էլ խաղում ենք։ Սա վճռական խաղը չէ, բայց շատ կարեւոր կլինի արդյունքը փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարում։

Մենք հայտնվել ենք ամենավատ խմբում, բայց լավ մարզավիճակում ենք եւ հասնում ենք լավ արդյունքների։ Սակայն այդ ամենը պետք է ապացուցել ամեն խաղում»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր, C խումբ

«Բավարիա» - «Վիկտորիա Պլզեն»՝ 20:45 (Երեւանի ժամանակ)

«Ինտեր» - «Բարսելոնա»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  6 միավոր, «Բարսելոնա»՝  3, «Ինտեր»՝  3, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում