20:08  ,  3 հոկտեմբերի, 2022

Հակոբ Սերոբյան․ Ներկայանալի թիմով ենք մասնակցելու աշխարհի առաջնությանը

Հայաստանը 5 ներկայացուցիչ կունենա սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Մարմնամարզիկներն այս օրերին պատրաստվում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ն Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Հոկտեմբերի 5-ին թիմը կմեկնի Թբիլիսի, որտեղ 21-օրյա ուսումնամարզական հավաք կանցնի Բրիտանիա մեկնելուց առաջ:

«Ներկայանալի թիմով ենք մասնակցելու աշխարհի առաջնությանը: Կազմում ընդգրկված են՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան, Վահագն Դավթյան եւ Գագիկ Խաչիկյան: Տղաները բոլորը նվաճել են աշխարհի առաջնությունում առանձին գործիքներում պայքարելու իրավունք: Արթուր Դավթյանը կպայքարի իր հիմնական գործիքում՝ հենացատկ, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր, իսկ Գագիկ Խաչիկյանը բազմամարտ: Նա բազմամարտում հանդես գալու իրավունքը նվաճել էր Եվրոպայի առաջնության արդյունքներով:

Այս պահին դեռ որեւէ կարծիք չեմ կարող կազմել տղաների մարզավիճակի մասին, քանի որ չունենք: Հոկտեմբերի 5-ին մեկնում են Թբիլիսի, որտեղ 21-օրյա հավաք կանցկացնենք: Լիվերպուլ կմեկնենք անմիջապես Թբիլիսիից:

Ակնկալիքներ ունենք Արթուր Դավթյանից: Նրա ցատկերը կատարյալ են: Մյուսների վարժություններում փոփոխություններ ենք կատարում: Միայն Դավթյանի ցատկերում փոփոխություն չի լինի: Արդեն սկսել ենք էլեմենտների վրա աշխատել, ավելի կկատարելագործենք Թբիլիսիում: Այդ պատճառով է, որ այս պահին չենք կարող մյուս մասնակիցների հետ կապված սպասելիքներից խոսել: Ամեն ինչ կախված է, թե որքանով փոփոխությունները կյուրացնեն»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

 Հիշենցնք, որ օգոստոսի 18-21-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր հռչակվել, Արթուր Դավթյանը՝ փոխչեմպիոն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով