14:19  ,  2 հոկտեմբերի, 2022

Ջոկովիչ․ Ծնողներս շատ դժվարություններ են հաղթահարել, որպեսզի պարզապես սնունդով ապահովեն մեզ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն, աշխարհի 7-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պատմել է, թե ինչ պայմաններում է ձեւավորվել իր բնավորությունն ու ոգու ուժը։

«Կարծում եմ՝ ամեն ինչ կապված է իմ մանկության հետ։ 90-ականներին Սերբիայում ես ձեւավորվել եմ պատերազմների, պատժամիջոցների եւ կյանքի դժվարությունների պայմաններում։ Ծնողներս շատ դժվարություններ են հաղթահարել, որպեսզի պարզապես մեզ սնունդով ապահովելու հնարավորություն ունենան։ Ես երջանկություն եմ ունեցել մտնել այս մարզաձեւ, որը միշտ եղել է թանկ հաճույք։ Ես սիրահարվեցի թենիսին, եւ իմ ծնողներն ինձ օգնեցին, թեեւ չափազանց բարդ էր նրանց համար։

Անցյալի հանգամանքների եւ կյանքի դժվարությունների գիտակցման պայմաններում էլ ձեւավորվել է իմ անհատականությունը, ինքնությունը։ Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ոչինչ չունենալ։ Դա մոտիվացնում է ավելի դրական եւ համեստ վերաբերմունքով հարգել բոլոր նվաճումներն ու ֆինանսական հնարավորությունները»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Punto de Break-ը։

Նովակ Ջոկովիչը ռեկորդակիր է թենիսի պատմության մեջ մրցաշարերում ստացած մրցանակային գումարի չափով՝ 159 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս