00:30  ,  30 սեպտեմբերի, 2022

Արման Ծառուկյան․ Լավագույն տասնյակի մարտիկները չեն ցանկանում մենամարտի դուրս գալ իմ դեմ

Խառը մենամարտերի UFC-ի ներկայացուցիչ, ռուսաստանցի Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է առաջիկա մրցակցի ընտրությանը։ Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվելիք UFC Vegas 66 մրցաշարում հայ մարզիկի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դամիր Իսմագուլովը։

«Սովորականի նման, լավագույն տասնյակի մարտիկները չեն ցանկանում մենամարտի դուրս գալ իմ դեմ։ Բայց ես հենց այնպես չեմ նստի ու սպասի այդ տղաներից մեկին։

Ի տարբերություն մյուսների, ես ընդունում եմ ինձ առաջարկած բոլոր մենամարտերը։ Ես չեմ փնտրում հեշտ մենամարտեր եւ կշարունակեմ մենամարտել ամենաբարդ մրցակիցների հետ»,- գրել է Արման Ծառուկյանը։

Ծառուկյանը թեթեւ քաշային կարգի վարկանիշային աղյուսակում այժմ 10-րդն է, Իսմագուլովը՝ 12-րդը։

Ծառուկյանը նախորդ մենամարտում հունիսի 26-ին պարտվել էր լեհ Մատեուշ Գամրոտին։ Իսմագուլովը հունիսի 18-ին հաղթել էր վրացի Գուրամ Կուտատելաձեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում