18:21  ,  28 սեպտեմբերի, 2022

Մանչինի․ Իտալիայի նպատակը ԱԱ-2026-ի տիտղոսն է

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը։ Հաջորդ ամռանը թիմը տիտղոսի համար կպայքարի Իսպանիայի, Նիդեռլանդների եւ Խորվաթիայի հետ։

Իտալիան ձախողել էր աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը՝ չնվաճելով Քաթարում անցկացվելիք եզրափակիչ փուլի ուղեգիր։

«Մենք արժանի էինք Ազգերի լիգայի «Չորսի եզրափակիչին», մենք հաղթեցինք Անգլիայի հավաքականին, որը Քաթարում կարող է հավակնել աշխարհի չեմպիոնի տիտղոսին։

Մեր ֆուտբոլիստները խաղադաշտում թողեցին բոլոր ուժերը, թեեւ լավագույն մարզավիճակում չէին։ Մենք փոխեցինք խաղային համակարգը, եւ խաղացողները կարողացան առավելագույնը քաղել։

Ստիպված ենք չորս տարի սպասել աշխարհի առաջնությանը, բայց մենք ցանկանում ենք մեկնել Ամերիկա եւ հաղթել, դա է մեր նպատակը»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Աշխարհի առաջնությունը 2026-ին կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Առաջին անգամ եզրափակիչ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում