15:49  ,  27 սեպտեմբերի, 2022

Մագնուս Կարլսենը վստահ է, որ Հանս Նիմանը դիմել է խարդախության

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանին մեղադրելով խարդախության մեջ։

«Ես վստահ եմ, որ Նիմանը վերջին շրջանում բազմիցս օգտվել է հուշումներից։ Նրա խաղի որակի կտրուկ բարձրացումը Սենթ Լուիսում իմ դեմ պարտիայում չափազանց անսովոր էր»,- հայտարարությունում նշել է Մագնուս Կարլսենին՝ շախմատային հանրությանն ու կազմակերպություններին, մրցաշարերի կազմակերպիչներին կոչ անելով անվարան պայքար մղել շախմատում կեղծիքների դեմ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Grand Chess Tour-ի փուլում Նիմանին պարտվելուց հետո Կարլսենը լքել էր մրցաշարը, իսկ այս ամիս Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի նախնական փուլում Նիմանի հետ պարտիայում մեկ քայլ կատարելուց հետո հանձնվել էր։

Շախմատային մամուլը գրել էր, որ Կարլսենը Նիմանին կասկածում է հուշումներից օգտվելու մեջ։ Նիմանը նախկինում խոստովանել էր, որ պատանեկան տարիքում օնլայն մրցաշարերի ժամանակ դիմել է խարդախության։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում