22:20  ,  26 սեպտեմբերի, 2022

Կապառոս․ Կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք մեր նպատակին

Հասել ենք վերջին խաղին եւ ունենք B լիգայում տեղը պահպանելու համար մաթեմատիկական շանսեր: Կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք մեր նպատակին:

Այս մասին Իռլանդիա - Հայաստան հանդիպման նախախաղային ասուլիսում ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Իսպանացի մասնագետի գլխավորած թիմը Ազգերի Լիգայի B լիգայի խմբային փուլի վերջին տուրում սեպտեմբերի 27-ին Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին: 

«Եկել ենք հաղթելու նպատակով: Վաղը մենք երկու կարեւոր նպատակ ունենք: Առաջին, որ ազատվենք այն տպավորություններից, որոնք ստեղծվեցին նախորդ խաղից հետո: Մենք գիտակցում ենք, որ չցուցադրեցինք այն մակարդակի խաղ, որը հարիր է ազգային հավաքականին: Մյուս նպատակն այն է, որ կարողանանք պահպանել մեր տեղն այս խմբում, ինչը բվականին բարդ խումբ է: Հասել ենք վերջին խաղին եւ ունենք մաթեմատիկական շանսեր տեղը պահպանելու համար: Գիտակցում ենք, որ Իռլանդիան ուժեղ թիմ է եւ խաղում է սեփական խաղադաշտում: Կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք մեր նպատակին:

Եթե մենք հաղթենք, Իռլանդիայի հավաքականը կլքի B լիգան եւ կտեղափոխվի C լիգա: Ես ուզում եմ, որ այդպես լինի:

Հավաքական են վերադարձել Վարազդատ Հարոյանը եւ Էդուարդ Սպերցյանը: Հարոյանը թիմի ավագն է: Նա իր բնավորությամբ եւ անհատականությամբ խաղի, ինչպես նաեւ թիմի վրա շատ մեծ ազդեցություն ունի: Սպերցյանն այն ֆուտբոլիստն է, որը դեռ աճում է: Տաղանդավոր է եւ դեռ շատ աճելու տեղ ունի: Բարեբախտաբար, թիմում վնասվածքներ չունենք»,- ասաց Խոակին Կապառոսը:

Նախավերջին տուրի խաղում Հայաստանի թիմը Երեւանում 0:5 հաշվով պարտվել էր Ուկրաինայի թիմին։

Անդրադառնալով այդ պարտությունից հետո լրագրողների եւ երկրպագուների դժգոհությանն ու հրաժարականի պահանջին, իսպանացի մասնագետը նշեց.

«Հայաստան - Ուկրաինա հանդիպումից հետո, իհարկե, մեր երկրպագուները  մեծ ցավ են ապրել, ինչպես նաեւ մարզչական շտաբը, ֆուտբոլիստները: Այժմ մենք ցանկանում ենք վաղվա խաղով փոխել այն իրավիճակը, ինչը ստեղծվեց Ուկրաինայի դեմ խաղից հետո: Ցանկանում ենք ապացուցել, որ մենք բավականին մրցունակ թիմ ենք եւ արժանի ենք հանդես գալ այսպիսի բարդ խմբում:

Իրականում իմ պայմանագիրն ավարտվում է նոյեմբերի վերջին: Զուտ տեսականորեն ազգային հավաքականի ղեկին սա իմ վերջին հանդիպումն է լինելու: Ոչ միայն մարզչական շտաբը, այլ բոլորը ցանկանում են, որ վաղվա խաղում թիմը լավ հանդես գա եւ հասնի այն նպատակին, որ պահպանի իր տեղն այս խմբում: Սպասենք վաղվան եւ տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- նշեց Խոակին Կապառոսը:

Երեւանում Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում Իռլանդիայի թիմին պարտության էր մատնել նվազագույն հաշվով Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։

Իռլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով