21:47  ,  26 սեպտեմբերի, 2022

Վարազդատ Հարոյան․ Վաղը նոր խաղ է եւ նոր հնարավորություն՝ ցուցադրելու, որ հոգեբանորեն ուժեղ ենք

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը Դուբլինում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում հույս է հայտնել, որ Ազգերի լիգայի վերջին տուրում կկարողանան հաղթել Իռլանդիայի թիմին։

Նախավերջին տուրի խաղում Հայաստանի թիմը Երեւանում 0:5 հաշվով պարտվել էր Ուկրաինայի թիմին։

«Մենք ձգտում ենք մոռանալ նախորդ հանդիպումը, որը բարդ եւ անհաջող ստացվեց մեր թիմի համար։ Բայց վաղը նոր խաղ է եւ նոր հնարավորություն՝ ցուցադրելու, որ մենք հոգեբանորեն լավ եւ ուժեղ թիմ ենք։

Երեւանում Իռլանդիայի դեմ շատ լավ խաղ ենք ունեցել՝ ցուցադրելով մեր հնարավորությունների առավելագույնը։ Հույս ունենք, որ վաղը կկարողանանք անել նույնը, ինչ Երեւանում։

Արդեն երկու տարի շատ բարդ ժամանակահատված է մեր երկրի եւ ազգի համար։ Մենք կձգտենք անել առավելագույնը, որպեսզի փոքրիկ ուրախություն պարգեւենք մեր ազգին։ Շատ բարդ է խաղալ ֆուտբոլ եւ կենտրոնանալ, երբ երկիրը պատերազմական վիճակում է»,- ասել է Հարոյանը։

Երեւանում Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում Իռլանդիայի թիմին պարտության էր մատնել նվազագույն հաշվով Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։

Իռլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

B լիգայի առաջին խմբում 5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է, Իռլանդիան նախավերջինն է՝ 4 միավոր։ Ոչ ոքի արդյունքի կամ պարտության դեպքում՝ Հայաստանի թիմը կնահանջի C լիգա։

Խմբի առաջատարը Շոտլանդիան է՝ 12 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Ուկրաինան ունի 10 միավոր։

Հայաստանի ազգային հավաքականը Իռլանդիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Սերոբ Գալստյան - «Արարատ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս