09:45  ,  26 սեպտեմբերի, 2022

Դեշամ․ Չեմ կարծում, թե Ֆրանսիայի հավաքականը աղետի մեջ է

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Դանիայի հավաքականից կրած 0:2 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում։ Ֆրանսիացիները չնվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։

«Չեմ կարծում, թե Ֆրանսիայի հավաքականը աղետի մեջ է։ Շատ գոլային պահեր ունեինք, բայց չկարողացանք իրացնել, նաեւ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունից դուրս գալուց։ Երիտասարդ կազմ ունեինք, շատերը չունեն ամենաբարձր մակարդակի հանդիպումների փորձ։

Արդարացում չեմ փնտրում, կարեւոր է առաջիկա երկու ամսում վերականգնել ուժերը։ Անհանգստանալ պետք չէ։ Մեզ կօգնի միջազգային փորձով ֆուտբոլիստների վերադարձը։ Պետք չէ մտածել, թե մենք բոլորից ուժեղ ենք։ Պետք է պայքարել։ Իհարկե, հաճելի չէ պարտվելը։ Հիմա մենք հեռու ենք ամենաբարձր մակարդակից»,- Դեշամի խոսքը մեջբերում է Sky-ը։

Առաջին խմբում Ֆրանսիան 5 միավորով գրավեց նախավերջին տեղը, Դանիան երկրորդն է՝ 12 միավոր։ Խմբի հաղթող դարձավ եւ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, որը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց ավստրիացիներին եւ վաստակեց 13 միավոր։ Ավստրիան 4 միավորով գրավեց վերջին տեղը եւ նահանջեց B լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում