16:42  ,  25 սեպտեմբերի, 2022

Ումար Կրեմլյով․ Ուրախ եմ, որ Հայաստանը դարձել է համաշխարհային բռնցքամարտի կենտրոն

Երեւանում տեղի ունեցած Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնը եւս 4 տարի ղեկավարելու իրավունք ստանալուց հետո Ումար Կրեմլյովը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Շնորհակալ եմ Հայաստանին այս ջերմ ընդունելության համար: Ուրախ եմ, որ Հայաստանը դարձել է համաշխարհային բռնցքամարտի կենտրոն: Այս տարի Երեւանը դարձավ համաշխարհային բռնցքամարտի մայրաքաղաք: Ինձ համար Երեւանն իսկական պատմական քաղաք է: Այն այլեւս կնշանավորվի նաեւ իմ այստեղ նախագահի պաշտոնում վերահաստատվելով:

Ես չէի անհանգստանում արդյունքների համար: Սերտ համագործակցում ենք յուրաքանչյուր երկրի ազգային ֆեդերացիաների հետ:

Որտեղ սկսվում է սպորտը, այնտեղ ավարտվում է քաղաքականությունը: Այսօր մեր կոնգրեսում եւս հաստատվեց այդ փաստը:

Մենք ամեն ինչ անելու ենք, որ բռնցքամարտը շարունակի զարգանալ, նաեւ այնպես պետք է անենք, որ բռնցքամարտը մարզիկի համար դառնա աշխատանք, վարձատրվի իր աշխատանքի համար: Այդ տեսանկյունից մեծ ուշադրություն ենք դարձնում աշխարհի առաջնությունների վրա, որոնք կունենան մեծ մրցանակային ֆոնդեր: Այս պահին այնպես պետք է անենք, որ տարվա ընթացքում բռնցքամարտիկի համար կարեւորագույն մրցաշարը լինի աշխարհի առաջնությունը:

Ինձ համար գերխնդիր է, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան լինի եւ մնա անկախ կառույց: Նաեւ երազանքս է եղել, որ բռնցքամարտիկները սիրողական բռնցքամարտում գումար վաստակեն, մրցաշարերը մեծ մրցանակային ֆոնդեր ունենան: Երազանքներս գրեթե իրականացան:

Մենք այս ընթացքում բազմաթիվ խնդիրներ ենք լուծել: Մարել ենք նախորդ ղեկավարների կոտակած պարտքերը, մեր առջեւ դրված խնդիրների 99 տոկոսը լուծել ենք: Բոլորին խորհուրդ կտամ՝ չխանգարել բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչներին ղեկավարել մարզաձեւը: Բռնցքամարտը պետք է ղեկավարեն միայն բռնցքամարտի ներկայացուցիչները:

Փորձում ենք լուծել նաեւ մրցավարության խնդիրը: Մրցավարության հետ կապված խնդիրը եղել է նախկիններից: Արդեն ստեղծել ենք առանձին սեկցիաներ մրցաշարերի ժամանակ բողոքարկումներն ուսումնասիրելու եւ արդար լուծում գտնելու համար:

Ես չեմ աշխատում որեւէ երրորդ կազմակերպության համար, այլ միայն IBA-ի ընտանիքի անդամ հանդիսացող ազգային ֆեդերացիաների համար: Մենք պետք է մտածենք վաղվա օրվա մասին, որպեսզի մարզիկները լավ ապագա ունենան: Մենք անկախ կազմակերպություն ենք եւ պետք է պաշտպանենք բոլոր այն մարդկանցից, որոնք բռնցքամարտի աշխարհից չենք: Չպետք է փորձենք համոզել, որ բռնցքամարտը օլիմպիական մարզաձեւ է եւ, որ այն պետք է լինի օլիմպիական ծրագրում, այլ վստահ պետք է պաշտպանենք IBA-ի իրավունքները, որպեզի այն ընդգրկված լինի Փարիզ-2024-ի եւ Լոս Անջելես-2028-ի ծրագրերում: Ես խոստանում եմ, որ միջազգային ֆեդերացիան իր մեծ ընտանիքով կանի ամեն ինչ, որպեսզի որեւէ մեկը չկարողանա մեզ հանել ինչ-որ ծրագրից, այդ թվում՝ օլիմպիական ծրագրից: Մեր այսօրվա միասնականությունը դրա վառ ապացույցն է»,- ասաց Ումար Կրեմլյովը:

Երեւանում տեղի ունեցած IBA-ի արտահերթ կոնգրեսում միջազգային ֆեդերացիայի անդամ 156 երկրներից 106-ը դեմ քվեարկեցին նոր ընտրություններ անցկացնելու հարցը: Կրեմլյովը կշարունակի գլխավորել Ֆեդերացիան եւս 4 տարի:

Առաջին անգամ Կրեմլյովը IBA-ի նախագահ էր ընտրվել 2020 թվականի դեկտեմբերի 13-ին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտպանել էր Կրեմլյովի թեկնածությունը: Կրեմլյովը նախագահի պաշտոնում վերընտրվել էր նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո: Սա նրա պաշտոնավարման երրորդ շրջանն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում