18:32  ,  23 սեպտեմբերի, 2022

Խոակին Կապառոս․ Սարգիս Ադամյանի բացակայության պատճառը հենց ինքն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում խոսել է Ուկրաինայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերի կհանդիպեն Ազգերի լիգայի նախավերջին տուրում։

«Շատ բարձր կարծիք ունենք Ուկրաինայի հավաքականի վերաբերյալ: Բարդ խմբում ենք հայտնվել:

Առաջիկա երկու խաղերում նպատակահարմար գտա հրավիրել նոր խաղացողների: Հետեւում ենք բոլորին, ովքեր կարող են հրավիրվել հավաքական: Այս պահի դրությամբ հրավիրված ֆուտբոլիսներն իմ կարծիքով ուժեղ են:

Սարգիս Ադամյանն այն տղաներից է, որին բոլորս սիրում ենք, բայց նա բացակայում է այժմ: Նրա բացակայության պատճառը հենց ինքն է: Նրանց զանգեք եւ հարցրեք, թե որն է այդ պատճառը:

Սպերցյանն այն ֆուտբոլիսներն է, որն անընդհատ առաջադրվում է: Շատ լավ գիտակցում էինք, որ դեղին քարտից հետո չենք կարող նրա հետ հույսեր կապել այս խաղում: Վստահ եմ, որ նրան փոխարինող խաղացողը շատ լավ կդրսեւորի իրեն եւ կօգնի հավաքականին ուրախացնել երկրպագուներին:

Սպերցյանը շատ լավ առաջընթաց է գրանցում: Հոգեբանորեն շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Այժմ արդեն հիանալիորեն պատրաստ է, որ հանդես գա Եվրոպայում:

Հովհաննես Հարությունյանը լավ է խաղում, այդ պատճառով էլ հրավիրվել է հավաքական: Ակումբում իրեն լավ է դրսեւորում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինան ուժեղ թիմ է, վաղը մեր թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, եթե ուզում ենք լավ արդյունք ունենալ:

Որեւէ մեկը պարտվելիս չի կարող գոհ լինել:  Ես այն մարզիչներից չեմ, որն անընդհատ փնտրում է արդարացումներ: Ունենք այն միավորները, որոնք ունենք»- ասաց Խոակին Կապառոսը:

Հայաստան - Ուկրաինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի  17:00-ին։

Ազգերի Լիգայի B Լիգայի առաջին խմբում 4 խաղից հետո Շոտլանդիան 9 միավորով առաջին խմբի առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է։ Իռլանդիան ունի 4, Հայաստանը՝ 3 միավոր։ Խմբի հաղթողը կբարձրանա A լիգա, վերջին տեղ գրաված թիմը կնահանջի C լիգա։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով