17:47  ,  20 սեպտեմբերի, 2022

Արտակ Դաշյան․ Կապառոսը լավ մասնագետ է, ունի ֆուտբոլային յուրահատուկ մոտեցում

Պաշտոնական նորամուտը՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում, շուրջ 8 տարի՝ առանց հավաքականի, եվրագավաթների խմբային փուլում հայկական թիմի կազմում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստ: Այս ամենի մասին 32-ամյա կիսապաշտպանն Արտակ Դաշյանը խոսել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում։

Արտակ, շատ երիտասարդ էիք, երբ առաջին անգամ հրավիրվեցիք ազգային հավաքական: Պաշտոնական նորամուտը եղավ Երևանում կայացած Իսպանիայի դեմ հանդիպմանը։ Ինչպիսի՞ զգացողություններ էին, երբ առաջին անգամ խաղադաշտ մտաք ազգային հավաքականի կազմում, այն էլ այդպիսի խաղում և տարիքում։

Մեծ պատասխանատվություն էի զգում, նոր մարտահրավեր, ազգային հավաքականում խաղ։ Խաղացի Իսպանիայի պես թիմի, նման ֆուտբոլիստների դեմ։ Թեթև լարվածություն կար, բայց էմոցիաները շատ լավն էին։

Խաղում էիք «Բանանցում», հետո տեղափոխվեցիք Դոնեցկի «Մետալուրգ»։ Այդ ժամանակ էլ բավական երիտասարդ էիք։ Ի՞նչ տարբերություն կար Հայաստանի և Ուկրաինայի առաջնությունների միջև։

20 տարեկանում տեղափոխվեցի «Մետալուրգ»։ Շատ դժվար էր այնտեղ, խաղի արագությունն այլ էր, շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ կային։ Իրենց հիմնական խաղային կորիզը ձևավորված էր։ Շատ դժվար էր միանգամից ադապտացվելը։ Սկզբում շատ խաղաժամանակ չէի ստանում, հետո քիչ-քիչ սկսեցի ավելի շատ ժամանակ անցկացնել դաշտում։

Հետո այնպես ստացվեց, որ մեր թիմ բերեցին խաղացողի, որը հանդես էր եկել և հաղթել էր Չեմպիոնների լիգայում։ Ինձ ասացին, որ շատ չեմ խաղալու։ Ու մարզավիճակս պահպանելու համար որոշեցի վերադառնալ Հայաստան։

Հետո սկսեցիք հանդես գալ «Գանձասարում», բրոնզե մեդալ, եվրագավաթներ։ Ի՞նչ կասեք այդ ժամանակահատվածի մասին։

«Գանձասարում» լավ տարի անցկացրի, կարիերայիս լավագույն ժամանակահատվածներից մեկն էր։ Լավ թիմ էր ձևավորվել: Մինչ օրս էլ լավ հիշողություններ ունեմ՝ այդ թիմի հետ կապված:

2009 թվականից սկսած՝ հավաքական էիք հրավիրվում, սակայն հիմնականում փոխարինման էիք դուրս գալիս։ Այն ժամանակ մրցակցությունն այդ դիրքում շատ մեծ էր։  Սկսեցիք ավելի շատ խաղաժամանակ ստանալ Բեռնար Շալանդի օրոք: Ի՞նչ եք հիշում այդ ժամանակաշրջանից, նրա հետ աշխատանքից։

Մինչև այդ շատ չէի խաղում, անգամ փոխարինման էի հազվադեպ դուրս գալիս։ Շալանդն ինձ հրավիրեց, միշտ ասում էր, որ վստահում է, պոտենցիալ է տեսնում: Նրա օրոք մի քանի հանդիպում անցկացրի, այդ թվում՝ Դանիայի, Սերբիայի, Ֆրանսիայի հավաքականների դեմ։

Հետո եղավ տեղափոխությունը «Վարդար»։ 2 անգամ չեմպիոն դարձաք։ Այդ շրջանից ի՞նչ եք հիշում։

«Գանձասարից» հետո կես տարով տեղափոխվեցի Բահրեյն, որից հետո՝ «Վարդար»։ Շատ հիշարժան տարիներ էին։ Առաջին մրցաշրջանում ճանաչվեցի լավագույն ֆուտբոլիստ, հետո 2 տարի անընդմեջ չեմպիոն դարձանք։

Վերադառնանք հավաքականի թեմային։ Ազգային հավաքական վերջին անգամ հրավիրվել էիք 2014 թվականին ու 8 տարի անց կրկին հրավիրվեցիք։ Ձեր կարծիքով ինչի՞ շնորհիվ եք այս տարիքում այսպիսի մարզավիճակ պահպանում և կարողանում հավաքականին օգուտ տալ։

Այն շրջանում, որ չէի հրավիրվում հավաքական, նույնպես անցկացրել եմ շատ լավ մրցաշրջաններ: Միշտ ամեն ինչ արել եմ, որ նվաճեմ մարզիչների վստահությունը։ «Ալաշկերտում» էլ 2 տարի անընդմեջ հռչակվեցինք չեմպիոն, բոլոր հանդիպումներին մասնակցել եմ, արդյունավետ խաղացել եմ, բայց չեմ հրավիրվել։

Միշտ եղել է հավաքական վերադառնալու ցանկություն, որ շատ բաներ ապացուցեմ։  Ղազախստանում խաղալիս էլ չէի հրավիրվում, բայց երբ վերադարձա Հայաստան, «Փյունիկի» հետ դարձանք չեմպիոն, սկսեցի կայուն խաղաժամանակ ստանալ։ Երևի այդ ամենը հանգեցրեց նրան, որ սկսեցի կրկին հրավիրվել հավաքական։

4 հանդիպման մասնակցեցիք հունիսին հավաքականի կազմում՝ խաղերի մեծ մասում խաղադաշտում անցկացնելով 90 րոպե: Ի՞նչ կասեք Խոակին Կապառոսի մասին, որպես մարզիչ։ Ի՞նչ տվեց Ձեզ նրա հետ աշխատանքը։

Կապառոսը լավ մասնագետ է։ Կարող եմ ասել, որ իմ կարիերայի համար բեկումնային եղավ նրա կողմից հրավերը։ Կարիերաս, կարծես, վերագործարկվեց: Որպես մարզիչ՝ շատ լավն է, ունի տակտիկական իր գաղափարները, իր ֆուտբոլային յուրահատուկ մոտեցումը:

«Փյունիկի» հետ հաջողության հասաք, չեմպիոն դարձաք, հասաք Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, հիմա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում եք։ Դարձաք առաջին հայ ֆուտբոլիստը, ով խմբային փուլում գոլի հեղինակ դարձավ։ Այս տարիքում, երբ, կարելի է ասել, ամեն ինչ տեսել եք ֆուտբոլում, ի՞նչ զգացողություն է, երբ գիտակցում եք, որ կարևոր նվաճման եք հասել։

Երբ գոլը խփեցի, այդ ժամանակ չէի մտածում այդ մասին։ Մտածում էինք միայն խաղում հաղթելու մասին։ Հետո, երբ կարդացի, իմացա, որ առաջին հայ ֆուտբոլիստն եմ, ով հայկական թիմի կազմում գոլ է խփել Եվրագավաթների խմբային փուլում։ Իհարկե, շատ հաճելի զգացողություն էր։

Ո՞րն է Ձեր կարիերայի ամենահիշարժան խաղը։

Երիտասարդական հավաքականում, երևի, Վրաստանի դեմ խաղը, վերջին րոպեներին խփած գոլն ու հաղթանակը։ Ազգային հավաքականում Ուկրաինայի դեմ խաղն էր հիշարժան: Չնայած պարտվեցինք, բայց մեկնարկային կազմում էի։ Մեկնարկային կազմում լինելն ու փոխարինման դուրս գալը լրիվ տարբեր բաներ են։

Ո՞րն է Ձեր կարիերայի ամենագեղեցիկ կամ ամենահիշարժան գոլը։

Կարիերայի ամենահիշարժան գոլը, երևի, հենց Վրաստանի դեմ խաղում խփած գոլն էր։ Խաղի ընթացքում հեռվից մի քանի հարված կատարեցի, բայց չէր ստացվում գոլ խփել։ Ի վերջո 90-րդ րոպեին հարվածեցի և գոլի հեղինակ դարձա: Կարևոր և հիշարժան են նաև «Փյունիկի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում խփած 2 գոլերս։

Ի՞նչ ֆուտբոլային երազանք կամ նպատակ ունեք, որ դեռ չի իրականացել։

Ավելի շուտ կասեմ ոչ թե երազանք, այլ նպատակ ոչ միայն իմ, այլև հայկական ֆուտբոլի համար։ Կուզեմ, որ մոտակա տարիներին որևէ հայկական ակումբ դուրս գա Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի խմբային փուլ, իսկ հավաքականը խաղա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով