23:03  ,  18 սեպտեմբերի, 2022

ԱԱ․ Արսեն Հարությունյանի պարգեւատրման արարողությունը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում տեղի ունեցավ 61 կգ քաշայինների պարգեւատրման արարողությունը: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը պարգեւատրվեց աշխարհի առաջնություններում իր երկրորդ բրոնզե մեդալով (տեսանյութ):

22-ամյա ըմբիշը Բելգրադի «Ստարկ» արենա պարգեւատրման դուրս եկավ այս քաշային կարգում մյուս բրոնզե մեդալակիր Մոնղոլիայի ներկայացուցիչ Նարանխու Նարմանդախի հետ՝ օգնելով նրան բարձրանալ պատվո հարթակ: Մոնղոլացի ըմբիշը լուրջ վնասվածք էր ստացել եւ դժվարությամբ էր քայլում:

61 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտին, արծաթե մեդալակիր՝ Ռեզա Ահմադալի Ատրինաղարչի (Իրան), բրոնզե մեդալակիր՝ Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր՝ Նարանխու Նարմանդախի (Մոնղոլիա):

Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Գոտեմարտը տեւել էր 2 րոպե։ Քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Միակ սփսոփիչ գոտեմարտում Հարությունը մրցեց 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ալբանացի Իսլամ Դուդաեւի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 12:11 հաշվով:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Հարությունյանը ժամանակից շուտ 12:0 հաշվով հաղթեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսին՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին:

Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: 2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ: 2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր՝ նվաճելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, սակայն առաջին Խաղերն անհաջող են ստացվել:

2021 թվականի հոկտեմբերի 3-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացված աշխարհի առաջնությունում Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2 րոպե 16 վայրկյանում 10:0 հաշվով հաղթել է հնդիկ Ռանդիվեր Ռանդիվերին եւ նվաճել բրոնզե մեդալ:

Մեծահասակների աշխարհի առաջնությունում առաջին մեդալը նվաճելուց հետո դարձել է Մ23 աշխարհի չեմպիոն, իսկ այս տարվա Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, թուրք Սուլեյման Ալթիի նկատմամբ տպավորիչ հաղթանակով (15:3) հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը մեկ բրոնզե մեդալով ավարտեց պայքարը աշխարհի առաջնությունում:

Երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում կողմնակալ մրցավարության պայմաններում պարտվել էր Ջոն Մայքլ Դիակոմիհալիսիին: ԱՄՆ ներկայացուցիչը դուրս էր եկել եզրափակիչ եւ Թեւանյանի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն տվել: 2020 թվականի աշխարհի գավաթակիրը մեկ սփոփիչ գոտեմարտ հաղթելուց հետո պարտվեց երկրորդ սփոփիչում եւ լքեց պայքարը:

Մեդալ նվաճելուն շատ մոտ էր Եվրոպայի փոխչեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրեասյանը անորոշ մրցավարության պայմաններում 5:5 պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Յակոբիշվիլիին:

Մ23 աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը, 79 կգ քաշային Արման Ավագյանը 1/16 եզրափակիչում կանադացի Ադամ Սքին Թոմսոնի նկատմամբ վստահ հաղթանակից հետո (11:0), 1/8 եզրափակիչում 6:7 հաշվով պարտվեց ճապոնացի Դաիչի Տակատանիին եւ լքեց պայքարը, քանի որ մրցակիցը եզրափակիչ դուրս չեկավ:

Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը մեկնարկում Մ23 աշխարհի փոխչեմպիոն, ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլովին 7:0 հաշվով հաղթելուց հետո, 1/8 եզրափաիչում տուշեով պարտվեց աշխարհի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, սերբ Հետիկ Ցաբոլովին։

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը մեկնարկային գոտեմարտում 6:7 հաշվով պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին: Հրայր Ալիխանյանի եւ Մանվել Խնձրցյանը եւս լքեցին պայքարը, քանի որ նրանց մրցակիցները պարտվեցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում