14:18  ,  18 սեպտեմբերի, 2022

Լուան Բարբոսա․ Գիտակցում էինք այս հանդիպման կարևորությունը ոչ միայն Հայաստանի հավաքականի, այլև երկրի համար

Ֆուտզալի ԱԱ-2024 որակավորման հիմնական փուլի բոսնիացիների հետ հանդիպման հերոսներից մեկը Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուանն էր, որի գոլը բեկեց հանդիպման ընթացքը։ Հայաստանի թիմը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ արտագնա խաղում հաղթել է 4:3 հաշվով։

«Մրցակիցը շատ որակյալ հավաքական է, և ես գիտեի, որ դժվար հանդիպում է լինելու։ Մենք լավ էինք պատրաստվել խաղին, արդյունավետ մարզումներ անցկացրել, գիտակցում էինք այս հանդիպման կարևորությունը ոչ միայն հավաքականի, այլև երկրի համար։ Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել և հաջորդ փուլ դուրս գալու նպատակն իրականացնելու ճանապարհին կատարել առաջին արդյունավետ քայլը։

Իմ գոլի վերաբերյալ կարող եմ ասել, որ ես նման ընդգծված մտադրություն չունեի։ Գնդակով հայտնվեցի խաղադաշտի կենտրոնական մասում, փորձում էի կազմակերպել թիմի գրոհը: Նկատեցի, որ մրցակցի դարպասապահն արձագանքեց Ռոդրիգինյոյի շարժմանը՝ մտածելով, որ գնդակը հասցեագրվելու է նրան: Տեսա, որ դարպասի մեծ մասն անպաշտպան է։ Որոշեցի հարվածել և կարողացա գրավել դարպասը։ Սա իմ երկրորդ գոլն է հավաքականի կազմում, ինչի համար շատ ուրախ եմ»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց Լուանը:

Երրորդ խմբում Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ ընդգրկված է նաեւ Չեխիայի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս