21:02  ,  17 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները իրավունք ստացան սեպտեմբերի 18-ին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը  61 կց քաշայինների քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով  պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ։  Եվրոպայի կրկնակի չեմպիոնը բրոնզե մեդալի պայքարի համար մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ մրցելով 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ալբանացի Իսլամ Դուդաեւի հետ։

Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Գոտեմարտը տեւել էր  2 րոպե։

Երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը եւս սփոփիչ գոտեմարտերի իրավունք է ստացել, քանի որ մեկնարկային գոտեմարտում նրան հաղթած ԱՄՆ ներկայացուցիչ  Ջոն Մայքլ Դիակոմիհալիսին եզրափակիչում է։

Աշխարհի գավաթակիրը բրոնզե մեդալի պայքարի համար երկու սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։  Առաջին սփոփիչ գոտեմարտում մրցակիցը աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, բուլղարացի Վլադիմիր Դուբովն է։ 

Հիշեցնենք, որ Թեւանյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում Ջոն Մայքլ Դիակոմիհալիսիին պարտվել էր կողմնակալ մրցավարության պայմաններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում