13:35  ,  17 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Վազգեն Թեւանյանը պարտվեց 1/16 եզրափակիչում

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցումային երրորդ օրը պայքարի մեջ մտավ աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը: 65 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Թեւանյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ ներկայացուցիչ Ջոն Մայքլ Դիակոմիհալիսի հետ եւ նորից կողմնակալ մրցավարության պայմաններում պարտվեց 0:4 հաշվով:

Գորգի մրցավարը նախ նկատողություններով ամերիկացուն միավորներ «նվիրեց»:  0:2 հաշվով պարտվելիս Թեւանյանը հարմար բռնվածք արեց եւ պատրաստվում էր գնալ հնարքի: Գորգի մրցավարը սուլեց, կանգնեցրեց գործողությունը եւ ելման դիրք տվեց: Թեւանյանը 2-միավորանոց գլորում կատարեց, բայց մրցավարը հնարքը չարձանագրեց եւ միավոր չտվեց: Գորգի մրցավարը կողային մրցավարներին ցույց տվեց խեղդող հնարքը: Հաշիվը մնաց 0:2՝ ամերիկացի ըմբիշի առավելությամբ:

Գոտեմարտի ավարտին Դիակոմիհալիսը եւս 2 միավոր վաստակեց` հաշիվը դարձնելով 4:0:  Վերջում Թեւանյանը համաձայն չէր իր պարտության հետ, չէր ցանկանում մոտենալ, որպեսզի հայտարարեին հաղթողին:

1/8-րդ եզրափակիչների մեկնարկից պայքարին կմիանա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը: Մրցակիցը կլինի 1/16 եզրափակիչի Ջահոնգիրմիրզա Տուրոբով (Ուզբեկստան) - Ալի Աբուրումալյա (Պաղեստին) զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում