12:16  ,  17 սեպտեմբերի, 2022

Դեւիսի գավաթ․ Աշխարհի առաջին ռակետ Ալկարասը պարտվեց

Մեկնարկել է թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության խմբային փուլը։ B խմբում Իսպանիայի հավաքականը Վալենսիայում 1:2 հաշվով պարտվել է կանադացիներին։ ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած եւ առաջին անգամ աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում կորտ դուրս եկած Կառլոս Ալկարասը մրցել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ եւ պարտվել 7։6 (7:3), 4:6, 2:6 հաշվով։

«Ես ոչ լավագույն մարզավիճակում եմ US Open-ից հետո։ Ընդամենը 2 օր եմ ունեցել նոր պայմաններին հարմարվելու համար։ Բայց ես ցանկանում էի խաղալ Իսպանիայի հավաքականում եւ աշխարհի առաջին համարի դերում կիսել այս պահը ընկերներիս եւ հավաքականի հետ»,- Ալկարասի խոսքը մեջբրում է daviscupfinals.com-ը։

B խմբում Իսպանիայի հավաքականը մեկ հաղթանակից հետո երկրորդն է։ Իսպանացիները առաջին մրցախաղում 3:0 հաշվով հաղթել էին սերբերին։ Կանադան առաջին մրցափուլում 2:1 հաշվով պարտության էր մատնել Հարավային Կորեային եւ խմբի առաջատարն է։ Երրորդ տուրում Իսպանիան կմրցի հարավկորեացիների, Կանադան՝ սերբերի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում