09:04  ,  17 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Պայքարի մեջ են մտնում Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 17-ին, երրորդ մրցումային օրը մրցագորգ դուրս կգան 61-65-97 կգ քաշային կարգի ներկայացուցիչները։ Պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ աշխարհի գավաթակիր, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի 1/16 եզրափակիչի Ջահոնգիրմիրզա Տուրոբով (Ուզբեկստան) - Ալի Աբուրումալյա (Պաղեստին) զույգի հաղթողը:

Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:

2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ: 2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր՝ նվաճելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, սակայն առաջին Խաղերն անհաջող են ստացվել:

2021 թվականի հոկտեմբերի 3-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացված  աշխարհի առաջնությունում Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում  2 րոպե 16 վայրկյանում  10:0 հաշվով հաղթել է հնդիկ Ռանդիվեր Ռանդիվերին եւ նվաճել բրոնզե մեդալ:

Մեծահասակների աշխարհի առաջնությունում առաջին մեդալը նվաճելուց հետո դարձել է Մ23 աշխարհի չեմպիոն, իսկ այս տարվա Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, թուրք Սուլեյման Ալթիի նկատմամբ տպավորիչ հաղթանակով (15:3) հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Վազգեն Թեւանյանի մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Մայքլ Դիակոմիհալիսը:

Վազգեն Թեւանյանը 2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ․ պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018թ․ Հայաստանի չեմպիոնությամբ (65 կգ):  2019-ին նվաճել է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2020-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված մեծահասակների աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ:

2021-ին Վազգեն Թեւանյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Հունգարիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչ գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջի Ալիեւի նկատմամբ եւ դարձավ ոսկե մեդալակիր: Այդ նույն մրցաշարում Թեւանյանը նվաճեց նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, սակայն նրա դեպքում էլ առաջին Խաղերն անհաջող ստացվեց:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի հավաքականը դեռ մեդալ չի նվաճել:  Մեդալ նվաճելուն շատ մոտ էր Եվրոպայի փոխչեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրեասյանը անորոշ մրցավարության պայմաններում 5:5 պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Յակոբիշվիլիին:

Մ23 աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը, 79 կգ քաշային Արման Ավագյանը 1/16 եզրափակիչում կանադացի Ադամ Սքին Թոմսոնի նկատմամբ վստահ հաղթանակից հետո (11:0), 1/8 եզրափակիչում 6:7 հաշվով պարտվեց ճապոնացի Դաիչի Տակատանիին եւ լքեց պայքարը, քանի որ մրցակիցը եզրափակիչ դուրս չեկավ:

Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը մեկնարկում Մ23 աշխարհի փոչխեմպիոն, ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլովին 7:0 հաշվով հաղթելուց հետո, 1/8 եզրափաիչում տուշեով պարտվեց աշխարհի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, սերբ Հետիկ Ցաբոլովին։

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը մեկնարկային գոտեմարտում 6:7  հաշվով պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին:

Հրայր Ալիխանյանի եւ Մանվել Խձրցյանը եւս լքեցին պայքարը, քանի որ նրանց մրցակիցները պարտվեցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում