20:35  ,  16 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Արման Անդրեասյանը պարտվեց վիճահարույց մրցավարության պայմաններում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անրեասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց մրցավարական միջամտության հետեւանքով:

70 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրեասյանը մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Զուրաբի Յակոբիշվիլիի հետ եւ պարտվեց։

Առաջին մրցափուլում գորգի մրցավարը նկատողություն տվեց Յակոբիշվիլիին եւ հաշիվ բացեց: Վրացի ըմբիշը հնարքի չգնաց, Արման Անդրեասյանը 1 միավոր վաստակեց: Մրցակիցները գնացին հանգստի 1:0 հաշվով հայ ըմբիշի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլի մեկնարկում Յակոբիշվիլիին 4-միավորանոց հնարք կատարեց՝ Անդրեասյանին հանելով աշխատանքային գոտուց: Քիչ անց Հայաստանի ներկայացուցիչը 2-միավորանոց գլորումով հաշիվը դարձրեց 3:4: Վրացի ըմբիշը եւս 1 միավոր ավելացրեց իր հաշվին, ապա վնասվածք ստացավ: Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ բժշկների օգնություն պահանջեց:

Գոտեմարտը շարունակվեց 5:3 հաշվով՝ վրացի ըմբիշի առավելությամբ: Գոտեմարտի միջնամասում Արման Անդրեասյանը նախ երկու միավորանոց գցում կատարեց, ապա գլորեց: Հաշիվը դարձավ 7:5: Յակոբիշվիլիի մարզիչը բողոքարկեց: Կողային մրցավարները երկար ուսումնասիրելուց հետո, որոշեցին բավարարել այն եւ 2 միավոր հանել Արման Անդրեասյանի հաշվից: Գոտեմարտն ավարտվեց 5:5 հաշվով՝ վրացու վերջին միավորի առավելությամբ:

Նախորդ անգամ Անդրեասյանն ու Յակոբիշվիլին հանդիպել էին Եվրոպայի առաջնության եզրափակիչում, որտեղ եւս պարտվել էր Արման Անդրեասյանը (1:2):

Եվրոպայի փոխչեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:2 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջանլուդա Տալամոյին։ Քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էր ԱՄՆ ներկայացուցիչ Զեին Ալեն Ռեդերֆորդին: Ամերիկացի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ եւ Արման Անդրեասյանին սփոփիչ գոտեմարտի իրավունք տվել:

Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 3:1 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Քեվին Քրիստոֆեր Հենկելին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում