14:28  ,  12 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Հրաչյա Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, Գեւորգ Ղարիբյանի տպավորիչ հաղթանակը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Գեւորգ Ղարիբյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով: 1/16 եզրափակիչում 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը տուշեով հաղթեց երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Պրիդոն Աբուլաձեին:

1/8-րդ եզրափակիչում Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Աիդոս Սուլթանգալին:

Անհաջող մեկնարկ ունեցավ մինչեւ 23 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանը: Մեկնարկային գոտեմարտում  Օվասապյանը 1:1  հաշվով պարտվեց երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Քոլթոն Մայքլ Շուլցին՝ մրցակցի վերջին միավորի առավելությամբ:

Սեպտեմբերի 11-ին մրցագորգ դուրս եկած Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար միակ սփոփիչ գոտեմարտում 9:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ ռումինացի Ռազվան Արնաուտի նկատմամբ եւ երեկոյան մրցահերթում կպայքարի բրոնզե մեդալի համար: Պողոսյանը առաջին մրցափուլում միավոր չվաստակեց, երկրորդ մրցափուլում պարտերում աշխատելու հնարավորություն ստանալուց հետո երկու 4 միավորանոց գեղեցիկ գցումներով հաշիվը դարձրեց 9:1: Գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ: 

Աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիրը աշխարհի առաջնության բրոնզե մեդալը կվիճարկի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ:

Երրորդ մրցումային օրը երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակիչում կպայքարի աշխարհի չեմպիոնի 4-րդ տիտղոսի համար: Մրցակիցը բուլղարացի 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովն է:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) եւ Ռուդիկ Մկրտչյանը պարտություններ են կրել եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում