21:41  ,  11 սեպտեմբերի, 2022

Մալխաս Ամոյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (ֆոտո

Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը, Մալխաս Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ:

77 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 7:1 հաշվով:

Ամոյանը գոտեմարտը սկսեց ակտիվությամբ, բայց գորգի մրցավարը պասիվ տվեց եւ Նեմեշին վերեւից աշխատելու հնարավորություն տվեց: Վիկտոր Նեմեշը չկարողացավ հնարք կատարել: Մրցակիցնեը գնացին հանգստի 1:0 հաշվով:

Երկրորդ մրցափուլում Մալխաս Ամոյանը 4 միավորանոց գցում կատարեց, փորձում էր տուշեով հաղթանակի հասնել, բայց գորգի մրցավարը չհաշվեց: Նեմեշի գոտեմարտի մարտավկան բողոքարկեց, բայց կողային մրցավարները չբավարարեցին բողոքարկումը, Մալխաս Ամոյանին ավելացնելով եւս երկու միավոր եւս մեկը մրակցի բողոքարկման համար: Հաշիվը դարձավ 7:1: Մինչեւ գոտեմարտի ավարտը Ամոյանը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին միավոր վաստակել:

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր  1/32 եզրափակիչից, որտեղ պարտվել էր հունգարացի Զոլտան Լեւային: Հունգարացի ըմբիշը հասել էր եզրափակիչ եւ Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել:

23-ամյա ըմբիշը բրոնզե մեդալի համար երեք սփոփիչ գոտեմարտ պետք է անցկացներ: Առաջին սփոփիչի մրցակից, վրացի Լուրի Լոմաձեն հրաժարվեց պայքարից: Հաղթանակը շնորհվել է Մալխաս Ամոյանին: Երկրորդ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոնը 5:2 հաշվով հաղթեց շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնին, երրորդ սփսոփիչ գոտեմարտում էլ  համառ պայքարում 2:2 հաշվով վերջին միավորի առավելությամբ հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Թամուրլան Շադուկաեւին:

Նախորդ տարի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Ամոյանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց 72 կգ քաշային կարգում: Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո երիտասարդ ըմբիշը հայտարարեց օլիմպիական քաշ՝ 77 կգ տեղափոխվելու մասին եւ նոր քաշում 2022 թվականին ապրիլի երկուսին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց չեմպիոն: 

Մալխաս Ամոյանը 23 տարեկան է: Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում: Մալխաս Ամոյանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է:

Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 մասնակիցներից օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ: Սեպտեմբերի 12-ին աշխարհի չեմպիոնի 4-րդ տիտղոսը Ալեքսանյանը կվիճարկի բուլղարացի 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ:

Քառորդ եզրափակիչում պարտված Հրաչլա Պողոսյանը (63 կգ) բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել: Նրան հաղթած սերբ Սեբաստիան Նադը դուրս է եկել եզրափակիչ: Հրաչյա Պողոսյանը մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի բրոնզե մեդալի պայքարի համար:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Կարապետ Չալյանը (82 կգ) պարտություններ են կրել եւ լքել պայքարը: Նախորդ օրը պայքարից դուրս մնաց նաեւ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում