15:24  ,  11 սեպտեմբերի, 2022

ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք Բասարին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 97 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչ։

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց աշխարհի կրկնակի չեմպիոն Մեթեհան Բասարի (Թուրքիա) հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Արթուր Ալեքսանյանը մեծ ակտիվությամբ սկսեց: Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց թուրք ըմբիշին, Արթուր Ալեքսանյանը 2 միավորանոց գլորումով հաշիվը դարձրեց 3:0: Թուրք ըմբիշը երկրորդ գլորման ընթացքում պաշտպանվեց, բայց մրցավարները չարձագանքեցին:

Երկրորդ մրցափուլում օլիմպիական չեմպիոնին պասիվություն տվեցին, բայց Բասարը ոչինչ չկարողացավ անել պարտերում, քանի որ Արթուր Ալեքսանյանն անմիջապես ոտքի կանգնեց՝ թույլ չտալով թուրքին հարմար բռնվածք անել: Մրցակիցները մինչեւ գոտեմարտի ավարտը միավորներ չավելացրին:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, քանի որ 1/16 եզրափակիչի մրցակիցը հրաժարվել էր պայքարից:

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը համառ պայքարում 1:1 հաշվով առավելության հասավ  Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Լիզատովիցչի նկատմամբ:

Հաղթանակով է մեկնարկել 82 կգ քաշային Կարապետ Չալյանը։ 1/16 եզրափակիչում գյումրեցի ըմբիշը մրցեց խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում