20:29  ,  1 սեպտեմբերի, 2022

Միհրան Հարությունյան․ Իմ առաջին զանգից օրեր անց ինձ հեռացրին դպրոցից (ֆոտո)

Շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Իմ դպրոցական տարիները շատ հետաքրքիր եւ բազմաբովանդակ են անցել: Իմ առաջին զանգից օրեր անց ինձ հեռացրին դպրոցից

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից պատմել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը, որը Գիտելիքի օրվա կապակցությամբ վերհիշել է իր դպրոցական տարիները, սեպտեմբերի 1-ը:

«Իմ դպրոցական տարիները շատ հետաքրքիր եւ բազմաբովանդակ են անցել:  Հայաստանում սովորելուս տարիներից այդքան էլ վառ հիշողություններ չունեմ, քանի որ միայն տարրական դասարաններում եմ այդտեղ ուսանել: Մի քանի դպրոց եմ փոխել, ամեն տեղ քիչ եմ սովորել, մինչեւ տեղափոխվեցինք Ռուսաստան:

Առաջին զանգս հնչել է Էջմիածնի թիվ 11 դպրոցում, բայց այդ դպրոցում մի քանի օր մնացի: Առաջին օրերին մի աղջկա պաշտպանեցի, կռվի մեջ ընկա, ինձ անմիջապես հեռացրին դպրոցից: Հետո ընդունվեցի Էջմիածնի թիվ 3 դպրոց: Այստեղ շատ լավ դասղեկ ունեի, որին շատ էի սիրում՝ լուսահոգի ընկեր Ինջիղուլյանը: Հրաշալի կին էր:

Այստեղ էլ մեկ տարի սովորեցի եւ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան: Հետագա կրթությունս, դպրոցական կյանքս անցել է այնտեղ:

Շնորհավորում եմ բոլորին սեպտեմբերի 1-ի, Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, կրթության մեջ ամենակարեւորն ինքնազարգացումն է եւ ինքնակատարելագործումը»,- ասաց Միհրան Հարությունյանը:

Այս գարնանը Միհրան Հարությունյանը պայմանագիր էր կնքել ամերիկյան UpNextFighting ընկերության հետ եւ օգոստոսի 20-ին երկրորդ մենամարտն անցկացրեց ԱՄՆ-ում: ММА մարտիկն այս օրերին պատրաստվում է իր հերթական մենամարտին:

«ԱՄՆ-ում երկրորդ մենամարտս անցկացրի, որը շատ հաջող ստացվեց, ինչի համար ուրախ եմ: Արդեն սկսել եմ պատրաստվել երրորդ մենամարտիս, որը նախնական տվյալներով՝ տեղի է ունենալու նոյեմբերին»,- նշեց Միհրան Հարությունյանը:

Նախորդ մենամարտում օլիմպիական փոխչեմպիոնը ժամանակից շուտ առաջին ռաունդում հաղթել էր «Տարզան» մականունով 40-ամյա ամերիկացի Դավիդ Դուգլասին:

Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով