14:57  ,  26 օգոստոսի, 2022

Եղիշե Մելիքյան․ Այս թիմն ապագա ունի, հիմա ուղղակի մեծ ափսոսանք կա

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆից» կրած պարտությունը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում։ «Փյունիկը» պարտվել էր հետխաղային 11-մետրանոցներով։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում եւս գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0: «Փյունիկը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։

«Շնորհավորում եմ «Շերիֆին» հաղթանակի համար: Չեմ կարող ասել, որ նրանք արժանի չէին, հավասար խաղ էր: Հպարտ եմ, որ  այսպիսի թիմ ունեմ: Այսօր բախտը «Շերիֆի» կողմն էր: Բայց ոչինչ, մենք ինչ պլանավորել էինք, աշխատեց: Այո, դեռևս հարցեր կան առջևի գծում, սակայն ունենք այն, ինչ ունենք: Կարծում եմ` այս ֆուտբոլիստներով թիմը արժանի խաղ անցկացրեց` կազմակերպված ու կարգապահ:

Ինչպես խոստացել էի, իմ ֆուտբոլիստները ճակատամարտում էին ամեն սանտիմետրի, ամեն գնդակի համար` չզիջելով ոչ մի տեղ: Բայց սա ֆուտբոլ է, ես շնորհակալություն եմ հայտնել թիմին հավատարմության ու նվիրվածության, կամքի ուժի համար:

Այս թիմն ապագա ունի, հիմա ուղղակի մեծ ափսոսանք կա, որը կանցնի մի քանի օրից: Մենք լավ ապագա ունենք: Մենք կարող էինք ճիշտ պաշտպանվել ու պրեսինգի գնալ, ուղղակի չօգտագործեցինք մեր պահերը: Դրանք չէին կարող շատ լինել, քանի որ մենք խաղում էինք լուրջ մրցակցի, լավ պաշտպանների դեմ, որոնք մեզ շատ հնարավորություններ չտվեցին: Բայց մենք շանսեր ունեինք, որոնք չօգտագործեցինք: Առաջ ենք շարժվում, չենք կորցնում հավատը: Մենք կարողանում ենք ճիշտ պարտվել, ընդունում ենք դա, շնորհավորում մրցակցին, հետո կատարում հետևություններ: Կշարունակենք աշխատել:

Ես հպարտ եմ նման թիմ ունենալու համար: Ես բողոքներ չունեմ իմ ֆուտբոլիստներից: Այսօր ավելի շատ հաղթեց մրցակցի փորձը: Մեր ֆուտբոլիստները մեծ պատասխանատվություն զգացին 11 մետրանոցները իրացնելիս: Բայց հոգ չէ, առաջ ենք շարժվում»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

 Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս