23:55  ,  25 օգոստոսի, 2022

ԵԼ․ «Փյունիկը» չհաղթահարեց «Շերիֆի» արգելքը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում  չկարողացավ հաղթահարել Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» արգելքը՝ պատասխան խաղում պարտվելով հետխաղային 11-մետրանոցներով։

Քիշնեւի «Զիմբրու» ստադիոնում անցկացված հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Lրացուցիչ ժամանակում էլ թիմերը գոլ խփել չկարողացան։

11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Շերիֆի» ֆուտբոլիստները՝ 3:2:

Հովհաննես Հարությունյանի հարվածը հետ մղեց «Շերիֆի» դարպասապահը։ Երկրորդ հարվածն էլ ձախողեց Արտակ Դաշյանը։ Դարձյալ սեյվ կատարեց մոլդովացի Դումիտրու Չելյադնիկը։ «Փյունիկի» երրորդ հարվածն էլ չկարողացավ արդյունավետ իրացնել վենեսուելացի կիսապաշտպան Ռենցո Զամբրանոն։

«Շերիֆն» առաջին հարվածը հաջող իրացնելուց հետո ձախողեց հաջորդ երկու հարվածները։

«Փյունիկի» չորրորդ հարվածն արդյունավետ իրացրեց Յուրի Գարեգինյանը, 5-րդ հարվածը Սերգեյ Վակուլենկոն, «Շերիֆն» էլ 5-րդ հարվածը ձախողեց՝ 2:2: Միխայիլ Կովալենկոն «Փյունիկի» 6-րդ հարվածը չկարողացավ գոլի վերածել։ Չորրորդ սեյվը կատարեց «Շերիֆի» դարպասապահը։ Դաշտի տերերը 6-րդ հարվածով խփեցին հաղթական գոլը՝ 3:2:

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Շերիֆը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ, «Փյունիկը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով