16:52  ,  21 օգոստոսի, 2022

ԵԱ․ Հայաստանի 5 մարմնամարզիկ մասնակցում է եզրափակիչներին (ուղիղ հեռարձակում)

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների եզրափակիչները (ուղիղ հեռարձակում):

Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ Հայաստանը  եզրափակիչների 5 մասնակից ունի:

Մեդալների համար պայքարում են Արթուր Դավթյանը՝ հենացատկ եւ նժույգ թափեր, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ:

Ընթանում է նժույգ թափեր վարժության եզրափակիչը, որտեղ Հայաստանն ունի երկու մասնակից: Արդեն մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, 38-ամյա Հարություն Մերդինյանը: Նա վաստակեց 14.733 միավոր: Վերջնական տեղը պարզ կլինի բոլոր մասնակիցների ելույթներից հետո:

Հարություն Մերդինյանը եզրափակիչ էր դուրս եկել երրորդ տեղով (14,500): Նույն վարժությունում եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Արթուր Դավթյանը: 2021 թվականի նժույգի վարժության Եվրոպայի չեմպիոնը 14,200 միավորով 8-րդն էր:

Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում լավագույն արդյունքն էր ցույց տվել եւ 15, 149 միավորով առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ: Հենացատկի եզրափակիչում Արթուր Դավթյանը ոսկե մեդալի գլխավոր ֆավորիտն է:

 Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում 5-րդն ու 6-րդն են: Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակեց 14,666 միավոր, Արթուր Ավետիսյանը՝ 14,633:

Արդեն ավարտվել է ազատ վարժությունների եզրափակիչը, որտեղ չեմպիոնի կոչումը նվաճեց Իսրայելի ներկայացուցիչ Արտեմ Դոլգոպիատը, արծաթե մեդալակիր Քրիստոֆեր Մեցառոս(Հունգարիա), բրոնզե մեդալակիր՝ Ջեյք Ջարման (Մեծ Բրիտանիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում