15:31  ,  19 օգոստոսի, 2022

Երիտասարդական ԱԱ․ Հայաստանի 3 ըմբիշ դուրս է եկել կիսաեզրափակիչ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը 1/8 եզրափակիչում 10:4 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Միկոլա Հավրիչկինին, քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթեց ղազախ Իսխար Կուրբաեւին։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիհադ Գուլուզադեն։

63 կգ քաշային կարգում Արման Վարդանյանը 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց լիտվացի Դոնատաս Ռինդեյկիսին, քառորդ եզրափակիչում 10:7 հաշվով ուժեղ էր ղազախ Դինիսլամ Սագիտժանից։

Կիսաեզրափակիչում Արման Վարդանյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Բայաման Քարիմովը։

87 կգ քաշային Վիգեն Նազարյանը որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթեց ղրղզ Նարտու Աբդուռախմանովին, 1/8 եզրափակիչում 8:3 հաշվով առավելության հասավ եգիպտացի Քարիմ Էլդեսոուկի նկատմամբ, քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց ուկրաինացի Միկիտա Ալեքսեեւին՝ 3:1:

Կիսաեզրափակիչում Վիգեն Նազարյանը կգոտեմարտի ղազախ Մակսատ Սայլաուի հետ։

130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը 1/8 եզրափակիչում էստոնացի Էերիկ Պանկին 8:0 հաշվով հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում 2:7 հաշվով պարտվել է իրանցի Ֆարդին Հեդայաթիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում